«Ամուսնու կողմից ծեծելով սպանված Զարուհին մահվանից առաջ նամակը գրել է երկու ձեռքերով». Ինչպե՞ս են գրում ինքնասպանությունից առաջ
Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնում այս տարի արդեն ինքնասպանության երեք գործով գրություններ են նշանակվել փորձաքննության: Բաժնի պետ Մարինե Կարապետյանը տվյալ գործերը չի մանրամասնում, քանի որ նրանց օրենքն արգելում է նախաքննության փուլում որևէ տեղեկություն տարածելը:
«Մահից առաջ թողնված նամակների համար, որոնք հիմնականում ինքնասպանությունից առաջ են թողնվում, տրվող եզրակացությունները 100 տոկոսով հաստատվում են», -Panorama. am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը և նշեց, որ իրենք ստանում են հիմնականում ինքնասպանություն գործած զինվորների, մեծահասակների ու երիտասարդ կանանց գրություններ:
Անսովոր պայմաններում, այսինքն ոչ թղթի վրա, երկար ժամանակ առաջ գրություն են ուսումնասիրել բաժնի փորձագետները և տվել դրական եզրակացություն. երիտասարդ տղան ինքնասպանություն գործելուց առաջ գրություն թողել էր ձեռքի վրա. «Ես մեղավոր չեմ, ոչ էլ ինչ որ մեկը. կյանքնա, պապ ջան, ես քեզ սիրում եմ»:
Փորձագետի խոսքով, սովորական պայմաններում գրված ձեռագիրը զգալիորեն տարբերվում է այն ձեռագրից, որը մարդը թողնում է մահվանից առաջ և դա բացատրվում է այն հանգամանքով, որ նա կարող է գրելիս հուզված լինել, անհավասարակշիռ կամ ունենալ ծանր հոգեվիճակ:
«Մասնավոր հատկանիշների ուսումնասիրություն ենք կատարում և պարզում` տվյալ անձն է՞ գրել գրությունը, թե՞ ոչ», -ասում է Մարինե Կարապետյանը:
Ընդհանրապես, ցանկացած փաստաթղթի վերաբերյալ փորձագետը կարող է տալ հինգ եզրակացություն` կատեգորիկ դրական, կատեգորիկ բացասական, հավանաբար կատարվել է կամ չի կատարվել տվյալ անձի կողմից և վերջին երզրակացությունը` պարզել հնարավոր չէ: Փորձաքննության եզրակացությունը համարվում է հավանական, եթե տվյալների 80 տոկոս համընկնում է հայտնաբերվում:
Բյուրոյի Ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Մարինե Կարապետյանը Panorama.am-ին տրամադրեց վերջերս աղմկահարույց դարձած գործից մանրամասներ: Գործը Յանիս Սարկիսովինն էր. նա ծեծելով սպանել էր մանկատան նախկին սան 20-ամյա Զարուհի Պետրոսյանին: Զարուհին մահվանից երկու օր առաջ հարազատներին ուղղված գրություն էր թողել: Փորձագետի խոսքով, երիտասարդ կինը նամակի մի մասը գրել էր աջ ձեռքով, մյուսը` ձախ:
«Զարուհի Մարտինի Պետրոսյանս խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս արարքի համար և խնդրում եմ աղջկաս` Լիլյա Յանիսի Պետրոսյանին տալ ամուսնուս` Յանիս Ալեքսանդրի Սարկիսովին: Ես համոզված եմ, որ միայն նա կկարողանա լիարժեք ու լավ կյանք ապահովել նրա համար: Ես չեմ կարող ինձ ներել իմ սխալի համար: Սխալս աններելի է, ես ապրելու իրավունք չունեմ»,-թղթի մի էջին այս գրությունը, ըստ փորձագետ Կարապետյանի, գրված է աջ ձեռքով: Իսկ շարունակությունը, որը թղթի մյուս էջին է, գրվել է ձախ ձեռքով. «Կներես, ես քեզ շատ եմ սիրել: Քեզ խնդրում եմ կուկույիս լավ պահես: Կներես ինձ ամեն ինչի համար: Սենց լավ կլինի ու ես հանգիստ կլինեմ: Ես քեզ սիրում էի 29.09.2010 Կներես»:
Հիշեցնենք` 2010-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր:
Նրա ամուսնուն` Յանիս Սարկիսովին ձերբակալել էին և մեղադրանք առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»:
Նախորդ տարվա հոկտեմբերին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն Յանիս Սարկիսովը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Այդ վճիռը բողոքարկման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշմամբ, մնաց ուժի մեջ:
«Հայաստանում հանցագործությունների որակը աճում է»
Փորձաքննությունների ազգային բյուրոյի այս բաժնում բացի մահվանից առաջ թողնված գրություններից, ուսումնասիրվում և վերջնական եզրակացություն է տրվում կտակներում, պայմանագրերում ու բանկային և այլ փաստաթղթերում տեղ գտած ստորագրությունները, ձեռագրերը և պարզում այդ ձեռագրի կամ ստորագրության իսկությունը` արդյո՞ք այդ անձի կողմից է կատարված, թե՞ ոչ:
Փորձագետն ասում է, որ կտակների վերաբերյալ գործերով փորձաքննություններն առանձնահատուկ են նրանով, որ դրանցում դրվում են հիմնականում ծերունական ստորագրություններ և գրվում ծերունական ձեռագրով:
«Կտակները հետազոտելիս մենք պահանջում ենք նոտարական սեղանամատյանը, որովհետև, եթե անձը կտակում գրում-ստորագրում է, նա պարտավոր է սեղանամատյանում ևս գրել ու ստորագրել. հենց այդ համակցության մեջ մենք հետազոտում ենք ձեռագիրն ու ստորագրությունը», -ներկայացնում է մեր զրուցակիցը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի տեղակալ Յուրի Ավետիսյանն ասում է, որ հանցագործությունների որակը բարձրացել է, և համակարգչային տարբեր միջոցների կիրառմամբ հանցագործները կեղծում են կնիքներ ու ստորագրություններ:
«Կամաց-կամաց մենք նկատում ենք հանցագործության որակական աճ, և մեր փորձագետները պարտավոր են հետ չընկնել դրանից ու հայտնաբերել կեղծիքը», -նշում է Ավետիսյանը:
Կեղծված կնիքը փորձագետները հայտնաբերում են օրինակ, այն դեպքում, երբ կնիքի միասեռ կապույտի փոխարեն կա գունավորություն:
«Բայց այսօր նաև հնարավոր է օգտագործել համակարգչի տպիչի մի գույնը և ստանալ այդ ամբողջական պատկերը, բայց այս դեպքում մեր փորձագետներն այլ բաներ են ուսումնասիրում` պարզելու կեղծված է, թե ոչ», -ներկայացնում է Յուրի Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում