Կ. Քոչարյան. Քաղաքական քայլեր, քաղտեխնոլոգիաներ, կուսակցություններ ու հաղթաթղթեր
Հայաստանում քաղաքական ուժերի կողմից քաղտեխնոլոգիաների կիրառության մասին Panorama.am-ը զրուցեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանի հետ:
«Քաղտեխնոլոգիաներն այլևս նորություն չեն»
Ես կարծում եմ, 1998 թվականին էին, որ քաղտեխնոլոգիաները նորություն էին, դրանց սաղմերը նոր էին երևում: 2007-2008 թվականներին արդեն ակնհայտ էր դրանց ազդեցությունը և կիրառումը: 2012-ի ԱԺ ընտրություններին և 2013-ի նախագահի ընտրություններին և´ հասարակությունը, և´ գործիչներն ու կուսակցությունները կզգան ու լայն թափով կօգտագործեն այդ գործիքները, և մեխանիզմները: Դա արդեն հայ իրականության մեջ նորություն չէ:
Ես կարծում եմ, յուրաքանչյուր նոր ընտրություն նոր փուլ է: Օգտագործելով քաղաքական տեխնոլոգիաների միտքը, պետք է ամեն անգամ նոր շնչով մտնել ընտրությունների շրջան:
«Սերնդափոխությունը` ՀՀԿ-ի հաղթաթուղթը կդառնա, իսկ նախկին Կոմունիստական կուսակցության թիրախը` կօգտագործի ԲՀԿ-ն»
Հանրապետական կուսակցության հաղթաթուղթը պետք է լինի բնականաբար իշխանական ռեսուրսը, և, կարծում եմ, սերնդափոխությունը, քանի որ ինչքան էլ ՀՀԿ-ն ասի, որ իրենք լավն են, բայց արդեն բավականին երկար ժամանակ է այդ նույն դեմքերը հոգնեցրել են հասարակությանը: Թեև բնական է, որ միշտ հայրեր և որդիներ պայքարը լինելու է իրենց ներսում, որովհետև մեծերը միշտ դժվար են հանձնում իրենց դիրքերը: Դա միայն քաղաքականության մեջ չէ, բոլոր ոլորտներում էլ այդպես է:
«Բարգավաճ Հայաստանն» էլ է երկու ուղղությամբ աշխատելու ու առաջին հերթին աշխատելու է սոցիալական ոլորտի վրա: Եթե ավելի պարզ խոսենք, նրա թիրախը լինելու է նախկին Կոմունիստական կուսակցության թիրախը: Այսինքն` թոշակառուներ, ծերեր, սոցիալապես անապահով խավ: Իսկ երկրորդ ուղղությունն այն է, ինչ հիմա տեսնում ենք` քաղաքականացնում է ցուցակը` քաղաքական դեմքեր է ներառում:
Ես կարծում եմ, ԲՀԿ-ն դրանով ավելի շատ գեոքաղաքական թիրախ է ձեռք բերում, քան ներքին քաղաքական: Այսինքն` որպեսզի դրսում հաշվի նստեն իրենց հետ: Օրինակ Վարդան Օսկանյանը, լինելով 10 տարի արտաքին գործերի նախարար, բնականաբար դրսում ճանաչված է, ունի կապեր և կներկայացնի այդ կուսակցությունը դրսում: ԲՀԿ-ն, թեև ԱԺ-ում բավական մեծ խմբակցություն ունի, բայց մենք այդ կուսակցության ներսում այդպես էլ քաղաքական դեմքեր չենք տեսնում: Ամենաշատը ես տեսել եմ այնտեղ Նաիրա Զոհրաբյանին և առավելագույնը կարող եմ ավելացնել` Արամ Սաֆարյանին ու Վարդան Բոստանջյանին: Այլևս ոչ ոք չի եղել: Հիմա, երբ մտնում են Գուրգեն Արսենյանը, Պետրոս Ղազարյանը, Հմայակ Հովհաննիսյանը, էլ չեմ ասում` Վարդան Օսկանյանը, հիմա արդեն պատկերը շատ ավելի խայտաբղետ է դառնում:
«Չգիտեմ` ՕԵԿ-ին ինչն է փրկելու»
Կարելի է համարել, որ ՕԵԿ-ի համար բոլոր տեխնոլոգիաները սպառված են. ինքն է սպառել այդ տեխնոլոգիաները, որովհետև եթե ժամանակին` 2003 թվականին ինքը խաղում էր սոցիալական թիրախի վրա, ապա հիմա այն ամբողջությամբ վերցրել է ԲՀԿ-ն: 2007-ին ինքն արդեն ընդդիմադիրի դիրքերից էր ելույթ ունենում, իսկ այսօր նա արդեն ընդիմադիրի դիրքերից չի կարող, որովհետև կոալիցիոն ուժ է` իշխանություն: Ես չեմ տեսնում` ՕԵԿ-ն ի՞նչ հաղթաթղթով է հանդես գալու: Նա կարող է հայտնվել խորհրդարանում, եթե գնի ընտրազանգվածը, բայց դա էլ ՕԵԿ-ի պարագայում կարող է չփրկել, քանի որ ընտրազանգվածը կարող է ՕԵԿ-ի հետ անել այն, ինչ 2008 թվականին ՕԵԿ-ն արեց նրանց հետ, այսինքն` «քցել»:
«ՀԱԿ-ը երկխոսելով կորցրեց էլեկտորատ, իսկ Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» ընտրազանգվածը`«Ֆեյսբուքյան» սերունդն է»
ՀԱԿ-ը վերադառնալու է իր` 2008 թվականի դիրքերին, այսինքն` ռադիկալ, կոշտ ընդդիմություն, փորձելով խաղալ իշխանության մի թևի հետ` ինչ-որ ռևերանսներ անել անընդհատ: Եթե ռևերանսը մինչև հիմա ընթանում էր միայն Գագիկ Ծառուկյանի առնչությամբ, ապա երեկվանից արդեն Վարդան Օսկանյանի առնչությամբ էլ արվեց այդ ռևերանսը: Բայց ՀԱԿ-ի համար ավելի դժվար է լինելու հիմա, քանի որ մի բան է, երբ դու զրոյից գալիս ես դեպի ռադիկալ դիրքորոշման, փորձում ես այդ ռադիկալ հատվածին վերցնել, իսկ երբ վերցնում ես ու դրանից հետո ավելի փափկեցնում ես դիրքորոշումդ, այդ ժամանակ նորից կտրուկ անցնել ռադիկալ քայլերի… կհավատա՞ն կրկին, թե՞ չեն հավատա: Իհարկե, ՀԱԿ-ն ունի իր էլեկտորատը, բայց այն, որ նա կորցրեց անցյալ տարվա` իշխանության հետ երկխոսությունից, դա էլ է փաստ: Դրանում իրենք համոզվեցին սեպտեմբերին տեղի ունեցած վրանային միտինգներով, որի ժամանակ հասկացան, որ չեն կարողանում հավաքել այնքան մարդ, ինչքան հավաքում էին մինչ երկխոսությունը: Իսկ այժմ, այսպես ասած, ավելի փափուկ ընդդիմության դիրքերից արդեն հանդես կգա «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը, որն ավելի արևմտյան արժեքների կրող ուժ է: Եվ նրանք, կարծում եմ, ավելի կողմնակից են քայլերի մեջ ոչ այնքան կոշտ լինելու: Նրանց թիրախը լինելու է ամերիկանիզացվող նոր սերունդը: «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» ընտրազանգվածն ավելի շատ լինելու է հենց «Ֆեյսբուքյան» սերունդը:
«ՀՅԴ-ի ակտիվությանը` նախընտրական տեխնոլոգիա»
Ինչ վերաբերվում է Դաշնակցությանը, ես կարծում եմ, նրանք նույն իրենց ազգային գաղափարախոսության ֆոնի վրա ունեն իրենց ընտրազանգվածը: ՀՅԴ-ն ի տարբերություն մնացած բոլոր ուժերի, ինչքան էլ սխալներ է գործել կամ չի գործել, այնուամենայնիվ, կոնկրետ գաղափարախոսություն կրող կուսակցություն է և գոնե Հայ Դատի և ազգայնականության առումով երբեք չի դավաճանել իր գաղափարներին:
Իսկ ՀՅԴի-ակտիվությունը վերջին օրենսդրական քննարկումներում զուտ նախընտրական տեխնոլոգիաների ժանրից է: Եվ տեսեք, եթե ժամանակին նախընտրական շրջանում լինելով իշխանության մեջ, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը սկսում էին «Կողմ ըլլալով դեմ ըլլալ», հիմա ԲՀԿ-ն է իր վրա վերցրել այդ ֆունկցիան, որը ինչ-որ մի ընտրազանգվածի մոտ աշխատում է, բայց ոչ մեծ ընտրազանգվածի, քանի որ հասկանալի է, որ եթե դու 5 տարի կոալիցիայի անդամ ես, հետևաբար դու կիսում ես ամբողջ կոալիցիոն կառավարության պատասխանատվությունը: Եթե դու քո կայքերով կառավարությանը մեղադրում ես, դուրս գայիր կոալիցիայից, բայց դու մինչև վերջին պահը մնում էս կոալիցիայի մեջ: Նույնը անում էին ՕԵԿ-ն ու Դաշնակցությունն այն ժամանակ:
Քաղաքականություն և քաղաքական տեխնոլոգիաների կիրառում
Քաղաքականություն և քաղաքական տեխնոլոգիաները փոխկապակցված են: Ամբողջ աշխարհում է դա այդպես: Նախընտրական շրջանում միշտ բուն քաղաքական քայլերը իրենց տեղը զիջում են քաղաքական տեխնոլոգիաներին: Սկսած գերտերություններից` ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, բոլոր տեղերում այդպես է, և դա նորմալ գործընթաց է: Պարզ է, որ պետք է լինի պոպուլիզմ, իշխանությունների կողմից պետք է լինի` ֆիքսել արվածը, իսկ ընդդիմության կողմից` ընդհակառակը` ի ցույց դնել բացթողումները: Այլ հարց է, թե դա ինչպես և ինչ մեխանիզմներով է արվում:
«2008 թվականի մարտի մեկը նպաստեց, որ ինտերնետը զարգանա Հայաստանում»
Հիմա զարգացման շրջան է, և դա նորմալ է: Բնականաբար, եթե համեմատենք զարգացած երկրների հետ, նորմալ չէ, սակայն երբ համարում ենք, որ զրոյից ենք գալիս, այդ պարագայում կարող եմ ասել, որ ընտրությունից ընտրություն, ամեն անգամ մի նոր բան ենք տեսնում: Օրինակ, երբ 2008 թ-ին ՀԱԿ-ը սկսել էր ոչ միայն ինֆորմացիայի կրիչներ (DVD դիսկեր) բաժանել մարզերում. DVD մագնիտոֆոններն էլ հետն էր տալիս: Սա փուլ է, որը մենք պետք է անցնենք: Այսօր մինչև 35 տարեկանների շրջանում ինտերնետը բավական ազդեցիկ է: 2008 թվականի մարտի մեկից հետո, երբ արտակարգ դրություն մտցվեց, և փակվեցին բոլոր հեռուստաընկերությունները, դա նպաստեց, որ ինտերներտը զարգանա Հայաստանում:
Անդրադառնալով ՀՀ-ում քաղտեխնոլոգիաների դպրոցին, պիտի ասեմ, կայացած ինստիտուցիոնալ ինչ-որ մակարդակ առայժմ ցավոք չկա, բայց արդեն բոլորը տեսնում են դրա անհրաժեշտությունը: Օրինակ այն, որ մի քանի տարի առաջ որոշում ընդունվեց, որ բոլոր գերատեսչությունները պետք է ունենան հասարակայնության հետ կապերի բաժին կամ վարչություն, դա արդեն խոսում է հստակ տեղաշարժի մասին: Կամ այն, որ արդեն ինչ-որ ԲՈւՀ-երում ինչ-որ մասնագիտություններ սկսել են PR անցնել, այն, որ արդեն առանձին քաղտեխնոլոգիաներ են դասավանդվում: Այդ տեխնոլոգիաները հարկավոր է օգտագործել նաև աշխարհին մեզ ներկայանալի դարձնելու համար` մեր ձայնը լսելի դարձնելու, մեր ասածը լոբբինգ անելու առումով: Ունենալ մեր նման սփյուռք ու տեխնոլոգիապես դա չօգտագործել, կարծում եմ, հանցագործություն է: Փաստորեն, ֆիզիկապես ունենք, բայց տեխնոլոգիապես չենք օգտագործում:
Պատրաստեց Դավիթ Պետրոսյանը