Սենսացիա ՌԴ նախագահի ընտրություններից հետո. Մեդվեդևը հանձնարարել է վերանայել Խոդորկովսկու դատավճիռը
Դեռևս փետրվարի 20-ին քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը մի շարք հանձնարարություններ է ստորագրել: Նախագահական ընտրություններից մեկ օր անց այդ մասին տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Ռուսական լրատվամիջոցները այդ հանձնարարություններից որոշները սենսացիոն են համարել, մասնավորապես այն, որ «երկրի ղեկավարը մտածել է Միխայիլ Խոդորկովսկու դատավճռի օրինականության մասին և այն մասին, թե անհրաժեշտ էր արդյոք մերժել Բորիս Նեմցովի ու Միխայիլ Կասյանովի կուսակցության գրանցումը», -գրում է «Newsru.com»-ը:
Ինչևէ, ըստ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի, Մեդվեդևը հանձնարարել է ՌԴ Գլխավոր դատախազությանը մինչև ապրիլի 1-ը ըստ պատշաճի, 32 դատապարտյալի մեղադրական դատավճիռների ու դրանց օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն կատարել: Այդ 32 անձանց թվում նշվում են նաև «ՅՈւԿՕՍ»-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկու, «ՅՈւԿՕՍ»-ի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեկսեյ Պիչուգինի, ինչպես նաև «ՄԵՆԱՏԵՊ»-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի անունները:
Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը մեղավոր էին ճանաչվել ՅՈՒԿՕՍ-ի նավթի հափշտակման, հանցավոր ուղիներով ձեռք բերված միջոցների լվացման համար: Խոդորկովսկու փաստաբան Կարինա Մոսկալենկոն «Ինտերֆաքս»-ին փոխանցել է, որ իր պաշտպանյալի մեղադրանքը անօրինական է և նրան պետք էր վաղուց ազատ արձակել: «Տեսնենք, թե որքան լուրջ են իշխանությունների մտադրությունները», -անդրադառնալով Մեդվեդևի հրամանագրին, ասել է Մոսկալենկոն: