Երևան-Թբիլիսի գնացքի 45 ուղևորներ ստիպված են եղել գիշերել վագոններում. Պատճառը ձյունն է
Ուժեղ և երկարատև ձյան, ինչպես նաև գծերի վրա 3 մետր բարձրության հասնող ձնակույտերի առաջացման պատճառով մարտի 5-ի գիշերը ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում:
«Հարավկովկասյան եկաթուղիներ» ընկերությունից հայտնեցին, որ մարտի 4-ին ժամը 22:35 «Երևան» կայարանից մեկնած և մարտի 5-ի ժամը 02:00-ին «Գյումրի» կայարան ժամանած Երևան-Թբիլիսի գնացքի 45 ուղևորները ստիպված են եղել գիշերել վագոններում: Ուղևորներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվում էին:
Այսօր ժամը 8:30-ին Երևան-Թբիլիսի գնացքը վերադարձել է «Երևան» կայարան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինությունից հայտնում են, որ գնացքի ուղևորները կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ ստանալով վճարված գումարը: Ցանկության դեպքում ուղևորները կարող են օգտվել գնված տոմսերից Երևան-Թբիլիսի գնացքի երթևեկության վերականգնումից հետո:
««ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշերվա ընթացքում տևած մաքրման աշխատանքներին մասնակցում էր հատուկ տեխնիկան, վերականգնողական գնացքը և «Գյումրի» ԳԿՄ աշխատողները: Ներկայում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են, Ջաջուռ-Մայիսյան հատվածը նախատեսվում է բացել արդեն մարտի 5-ի երեկոյան»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում