Եղիշե Չարենց-115. Չարենցյան շունչ` ողջ տարվա ընթացքում
Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի 115-ամյակը, գրական գործունեության 100-ամյակը. տարին հայտարարված է չարենցյան: Կրթության և գիտության նախարարությունը, Գրողների միությունը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացնելու են մի շարք ծրագրեր: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ե. Չարենից տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
Նա հայտնեց, որ միջոցառումների մեկնարկը տրվելու է մարտի 13-ին` գրողի ծննդյան օրը: Առավոտյան թանգարանից աշակերտները, մտավորականները քայլարշավով շարժվելու են դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ սկսվելու է պոեզիայի տոնը ու շարունակվելու է տուն-թանգարանում: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված են չարենցյան ընթերցումներ դպրոցներում ու բուհերում, տուն-թանգարանում, որին մասնակցելու են աշակերտներ, թանգարանի գիտանձնակազմ, չարենցագետներ: Նախատեսված են նաև հայաստանյան դպրոցներում կազմակերպել չարենցյան թեմաներով շարադրությունների մրցույթ, չարենցյան օրերի անցկացում նաև Արցախում:
Տարվա ընթացքում կազմակերպելու են նաև թեմատիկ ցուցահանդեսներ: Տուն-թանգարանում կազմակերպվելու է Չարենցի դիմանկարների ցուցահանդես: Նախատեսված են նաև գրքերի շնորհանդեսներ: Լ. Հակոբյանն ասաց, որ արդեն տպագրատանն է «Չարենց- 115» գիրքը, որում նոր տեղեկություններ կան Չարենցի մասին, առանձին գրքույկ է հրատարակվելու, որտեղ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը ներկայացված է լինելու տարբեր լեզուներով (արդեն 26 լեզվով թարգմանված է), նաև մեծերի խոսքն այդ բանաստեղծության մասին: Պատրաստվել է մի ընտրանի, որը թարգմանվելու է անգլերեն: «Այսօր մեր հանճարներին դրսում, դժբախտաբար, այդքան լավ չգիտեն, քանի որ կաղում է թարգմանչական արվեստը: Այդ պատճառով մենք ընտրել են Չարենցի ստեղծագործություններից, որոնք թարգմանվելու են անգլերեն: Դրանով զբաղված է մեր գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:Ներգրավել ենք նաև Ամերիկայից թարգմանիչներ»,- ասաց նա:
Միջոցառումների ավարտը նախատեսված է նոյեմբերի 27-ին` Եղիշե Չարենցի մահվան օրը: Ըստ ծրագրի, այդ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպվելու է մեծ համերգ: «Կարծում եմ` Չարենցին արժանի տարի կանցկացնենք»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը:
Լ. Հակոբյանը կարևորեց Չարենցի դերը ոչ միայն մեր գրականության, այլ նաև սովորական կյանքում. «Անգնահատելի է, մեծ է նրա դերակատարությունը, որովհետև այսօր էլ մեր սերունդը դաստիարակվում և ապրում է Չարենցի պատգամներով, ստեղծագործություններով»: Նա նաև ասաց, որ այսօր Եղիշե Չարենցը ճանչման խնդիր չունի, ուղղակի հարկավոր է որ մատաղ սերնդին կտրել համակարգչից ու մոտեցնել գրքին: «Այսօր ընթերցողի խնդիր ունենք: Պետք է այնպես անել, որ մատաղ սերունդը գիրք կարդա, ու կարդա ոչ միայն մեր դասականներին, այլ նաև մեր այսօրվա գրողներին: Այսօր էլ ունենք տաղանդաշատ գրողներ»,- ասաց Եղիշե Չարեցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
1897թ. Կարս քաղաքում է ծնվել Եղիշե Սողոմոնյանը` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Սովորել է Կարսի ռեալական դպրոցում: 1916թ. նա միանում է հայ կամավորական շարժմանը և մեկնում ռազմաճակատ: Թուրքիայի դեմ կռվող ռուսական բանակի զինվորների և հայ կամավորների հետ Չարենցը լինում է Արևմտյան Հայաստանում, տեսնում է ցեղասպանության սարսափելի հետքերը և դրանց մասին պատմում «Դանթեական առասպել» պոեմում: Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկն էր նրա ամբողջ կյանքում. նրա լավագույն գործերից շատերը` «Մահվան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Հայաստանի...» (1921) և այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, «Երկիր Նաիրի» վեպը, նվիրված են հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին:
Խորհրդային տարիներին Չարենցը գրում է բազմաթիվ նոր գործեր` պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից առավել հայտնիներից են «Խմբապետ Շավարշը» պոեմը, «Գանգրահեր տղան» չափածո նովելը և ուրիշ գործեր, նաև «Գիրք ճանապարհի» ժողովածուն, որը նվիրված էին հայոց պատմությանը, ներկայի ու ապագայի մարդկանց: Խորհրդային տարիները շատ դժվարին տարիներ էին մեր մտավորականության և ընդհանրապես ամբողջ ժողովրդի համար: Չարենցի շուրջ ստեղծվում էր զրպարտության, հետապնդումների մթնոլորտ: 1937թ. նրան ևս ձերբակալոըմ են, և նա բանտում մահանում է: Հետագայում Չարենցին, ինչպես և ուրիշ շատերի, արդարացնում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա