Քաղաքական ռևերանսներ ընտրություններից առաջ
Խոսելով «Ազատ և արդար ընտրությունների» գաղափարի շուրջ ՀԱԿ-ի և խորհրդարանական ընդդիմության համագործակցության փորձերի մասին` «Голос Армении»-ն նշում է, որ անշուշտ, նման մտքի շուրջ միավորվելու ընդդիմության փորձերը ողջունելի են, սակայն, հիշեցնում է, որ ժամանակին այդ նույն ՀԱԿ-ը, առաջնորդվելով «Ով մեզ հետ չէ, նա տականք է» սկզբունքով, «կեղծ ընդդիմություն» էր անվանում նույն ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»` արհամարհելով անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի փորձերը:
«Հիմա խորհրդարանական ընդդիմությունը ցնծություն է ապրում այն փաստից, որ ՀԱԿ առաջնորդը քաղաքական ռևերանսներ է անում ԲՀԿ-ի ուղղությամբ` մտածելով, թե դա առաջին նշանն է առ այն, որ ԼՏՊ-ն հրաժարվել է այլոց «տականք» լինելու թեզից»,-գրում է թերթը` հավելելով. «Մարդ ես, մեկ էլ տեսար, Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ընդդիմության հանդեպ էլ բարի գտնվեց»: Միևնույն ժամանակ, «Голос Армении»-ն շեշտում է, որ առնվազն զավեշտալի է այն, որ ՀՅԴ ներկայացուցիչները թափանցիկ ընտրությունների համար պայքարելու են այնպիսի մարդկանց կողքին, ինչպիսիք են Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը և Երջանիկ Աբգարյանը: