ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) այսօր տարածաշրջանային այցի ավարտին տարածել են հայտարարություն: Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից, հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է, թե Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ մարտի 2-ից 6-ը այցելել են Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու: Համանախագահողները հանդիպել են նախագահներ Սարգսյանի և Ալիևի, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի դե-ֆակո իշխանությունների հետ»:
Համանախագահները կողմերին ներկայացրել են հուվարի 23-ին նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի համատեղ հայտարարության դրույթների իրագործման ծրագիրը:
Հիմնվելով երկու նախագահների՝ Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունն արագացնելու մասին ստանձնած պատրաստակամությանը, համանախագահները կողմերին ներկայացրել են համապարփակ, խաղաղ կարգավորման հետագա աշխատանքին օժանդակող քայլեր:
Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաև շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների մշակման մասին Սոչիի հայտարարությունում տեղ գտած պայմանավորվածությունն իրագործելու հնարավորությունը:
Համանախագահները հայտնել են, թե ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ, խնդրել են ԵԱՀԿ Բարձր Ծրագրման Խմբին շարունակել այդ մեխանիզմի մշակումը՝ որպես կայունության հասնելու և վստահությունն ամրապնդելու կարևոր միջոց: Բացի այդ, համանախագահները քննարկել են մարդասիրական, ինչպես նաև ժողովրդական շփումները, որոնք միտված են տարաշածրջանի ժողովրդների միջև փոխադարձ ըմբռմանը խթանելուն և չպետք է քաղաքականացվեն կամ շահարկվեն ի վնաս խաղաղ գործընթացի:
Հաղորդագրությունում նշվում է նաև, թե համանախագահները մարտի 22-ին ծրագում են մեկնել Վիեննա` ԵԱՀԿ մշտական խորհրդին խաղաղ կարգավորման գործընթացում ձեռնարկված վերջին քայլերի մասին զեկուցելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում