«ԱՐ»-ը չի մեկնաբանում, «Երևանն» էլ երիտասարդների համար կաշխատի. Քաղաքական գովազդը` հեռուստաընկերություններում
«Ար», «Երևան» և «12» հեռուստաընկերությունները հրաժարվել է իրենց եթերում քաղաքական գովազդ հեռարձակելուց: «Ար» հեռուստաընկերության լրատվության հետ կապերի պատասխանատու Վահրամ Բրուտյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հեռուստաընկերությունը նպատակահարմար չի գտել քաղաքական գովազդ հեռարձակել:
«Բազմաթիվ տեխնիկական և այլ խնդիրներից ելնելով», -պատճառաբանեց Բրուտյանը` հրաժարվելով որևէ հստակ հիմնավորում նշելուց:
«Մենք որոշել ենք մեր եթերը չքաղաքականացնել ու ավելի շատ երիտասարդական ծրագրեր հեռարձակել: Ուրիշ որևէ խնդիր չկա», -քաղաքական գովազդից հրաժարվելու պատճառը մեզ հետ զրույցում փոխանցեց «Երևան» հեռուստաընկերության տնօրեն Մարինե Մելոյանը:
Նա ասաց, որ քաղաքական ուժերի քարոզարշավին ու ընդհանրապես, քաղաքականությանը իրենք կանդրադառնան լրատվական ծրագրի ընթացքում: Անգամ, գումար աշխատելու հանգամանքը չի գայթակղել հեռուստաընկերության ղեկավարությանը:
«Անկեղծ ասած, հիմա հեռուստաընկերությունն աշխատում է այլ քաղաքականությամբ: Մենք ավելի շատ մտածում ենք մեր երիտասարդ հեռուստադիտողների մասին և փորձում նրանց մատուցել հետաքրքիր ծրագրեր», -մեր դիտարկմանն ի պատասխան ասաց Մելոյանը:
«12» հեռուստաընկերությունը փոխել է իր հեռարձակման պրոֆիլը, դարձել է մարզական ալիք և այդ պատճառով էլ այս հեռուստաընկերությամբ քաղաքական գովազդ չի հեռարձակվի:
Մյուս հեռուստաընկերությունները, ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր սահմանել ժամանակացույցով, մարտի 5-ին հրապարակել են Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերին տրամադրվող վճարովի եթերի 1 րոպեի գինը:
«Շանթ» հեռուստաընկերությունը քաղաքական գովազդի 1 րոպեի համար սահմանել 120.000 դրամ, «Արմենիա»-ն` 110 հազար դրամ, Հանրային հեռուստաընկերությամբ քաղաքական գովազդի 1 րոպեն կլինի 80 հազար դրամ, Հայկական 2-րդ հեռուստաալիքը 60 հազար դրամ կպահանջի ընտրություններին մասնակցող ուժերից` աշխատանքային օրերին ժամը 18:00-24:00-ն հեռարձակվող գովազդի համար, իսկ կիրակի ժամը 10:00-ից 24:00-ն ընկած ժամանահատավածի համար կպահանջի 30 հազար դրամ:
«Կենտրոն» հեռուստաընկերությունը քաղաքական գովազդի 1 րոպեի համար սահմանել է 32 400 դրամ, «Երկիր մեդիա»-ի եթերում այն կարժենա 30 հազար դրամ, իսկ «ATV»-ով` 24 հազար դրամ: Ամենամատչելի գինը սահմանել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը՝ 18.000 դրամ քաղաքական գովազդի 1 րոպեի դիմաց:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանվում է ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության կարգը:
Ըստ նույն օրենսգրքի, եթերաժամի մեկ րոպեի գինը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
Նույն օրենսգիրքը նաև սահմանում է, որ եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա