«Արմավիա»-ն ոչ միայն ներողություն չխնդրեց, այլև սպառնաց կրկնել
Երեկ ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը պատճառած անհարմարությունների համար ոչ միան ներողություն չխնդրեց ուղևորներից, այլև սպառնաց, որ գործադուլն ու չվերթի չիրականացումը հնարավոր է կրկնվի նաև հաջորդ երեքշաբթի, եթե «Զվարթնոց» օդանավակայանը ընկերության համար արտոնություններ չկիրառի:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որն ի սկզբանե հայտարարեց, թե «Արմավիա»-ի Երևան-Մոսկվա, Երևան-Ռոստով չիրականցրած թռիչքներն իրենց հետ որևէ կապ չունեն, տեղեկացրեց, որ որպես ազգային փոխադրողի` «Արմավիա»-ի նկատմամբ հատուկ սակագներ են կիրառվում:
Ավելի ուշ «Ռոսավիացիա»-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի «Ռոսավիացիան» մինչ մարտի 20 թույլատրել է «Արմավիա» ավիաընկերությանը դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնել: Ռուսական կազմերպությունից հայտնել են, թե մարտի 6-ին երաշխիքային նամակ են ստացել «Արմավիայից», որում հայկական ընկերությունը պարտավորվել է վճարել 178 հազար դոլար պարտքը:
Մինչ այդ «Արմավիա»-ի մամուլի քարտուղարը օդանավակայանում կտրականապես հերքում էր պարտքի մասին լուրերը, նշելով, թե այդ դեպքում չէր հետաձգվի նաև դեպի Դուբայ թռիչքը: Փաստորեն Դուբայ թռչող քաղաքացիներն էլ «Արմավիա»-ի «ապացույցների» զոհն են դարձել:
Ստացվում է, որ «Արմավիան» նախապես իմանալով խնդրի մասին (ընկերության հաղորդագրությնում ասված է. «Մենք բազմիցս զգուշացրել էինք «Արմավիա» ավիաընկերությանը ծառայությունների սպասարկման հնարավոր դադարեցման մասին, սակայն մինչ օրս նրանք չէին արձագանքում»), շարունակել են վաճառել տոմսեր` ուղևորներին փաստացի դնելով անելանելի վիճակում ու մեղքը բարդելով մեկ այլ տնտեսվարողի վրա, ըստ էության արատավորելով նրա գործարար համբավը:
«Զվարթնոց»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, թե մտադիր չեն դատական հայց ներկայացնել ավիաընկերության դեմ, ասաց, որ բավարարվում են տրված գնահատականներով:
««Զվարթնոց»-ը բացասական է գնահատում Արմավիա ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում»,-սա էլ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գնահատականն էր:
Հետաքրքիր է, թե ուղևորներից քանիսը կդիմեն դատարան` ընդդեմ «Արմավիա»-ի, պահանջելով վնասի փոխհատուցում, չնայած «Սպառողների միության» նախագահն էլ փաստեց, որ այս ընկերության վերաբերյալ դիմում բողոքներին ընթացք տալու ու լիարժեք փոխհատուցում ստանալու գործում «հպարտանալու» բան չունեն:
Ստեղծված վիճակում հարկավոր է, որ ՔԱԳՎ-ն, որպես ոլորտը կարգավորող մարմին գնահատական տա ընկերության վարքին ու կանխի նման իրավիճակի կրկնվելը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում