Դավիթ Սաֆարյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Բելգրադում մարտի 6-ին մեկնարկեց Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Նորամուտը մեծահասակների ստուգատեսում հաջողությամբ պսակեց երևանցի Դավիթ Սաֆարյանը (66 կգ): Նախնական փուլերում հաղթելով Ավստրիայի և Ադրբեջանի պատվիրակներին՝ նա այնուհետև պարտվեց ռուսաստանցի մրցակցին: Երրորդ տեղի համար գոտեմարտում մեր ըմբիշը առավելության հասավ Թուրքիայի պատվիրակ Յաղուպ Գորի նկատմամբ և արժանացավ բրոնզե մեդալի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Նորընծա մրցանակակիրը 23 տարեկան է, ծնվել է Չերկեսկ քաղաքում: Վերջին տասնամյակում նրա ընտանիքը բնակություն է հաստատել Կրասնոդարում: Դավիթն այնտեղ է հրապուրվել ազատ ոճի ըմբշամարտով և մարզվել Եվրոպայի նախկին չեմպիոն Աբդուլլա Մոհամեդովի ղեկավարությամբ:
Մինչև Հայաստան տեղափոխվելը Դավիթը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն: Դավթին երեք տարի առաջ հորդորել է Հայաստան տեղափոխվել հայրը` մարզաձևից ԽՍՀՄ սպորտի վարպետ, համամիութենական երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր և մեծահասակների չորրորդ մրցանակակիր Հովհաննես Սաֆարյանը:
Երեկ մրցագորգ ելավ նաև Անդրանիկ Գալստյանը (96 կգ): Նա մեկնարկում, ցավոք, տանուլ տվեց և դուրս մնաց հետագա պայաքարից:
Այսօր Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից գոտեմարտելու են Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և Արթուր Առաքելյանը (60 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա