Փորձագետ. Երկրի ղեկավարը իրերը կոչեց իրենց անուններով
«Երկրի նախագահն իր վերջին հայտարարություններով հերթական անգամ փաստեց տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը մեր երկրի հավատարիմ լինելու հանգամանքը: Իրականում Հայաստանի նախագահն իրերը կոչել է իրենց անունով: Այսօր Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանում իրադրության ապակայունացման հիմնական գործոն»,- անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Բրյուսելում հնչեցրած հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ, ուղղված լինի դա թե տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե շփման գծում լարվածության թուլացմանը: Ադրբեջանը, ցավոք սրտի, դեմ է դիպուկահարների հետ քաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը, ավելին՝ ոչ մի րոպե չեն դադարել պատերազմի սպառնալիքները»:
Դ. Ջամալյանի խոսքերով, այս իրողությունը հայկական կողմը պետք է ի ցույց դնի մեր տարածաշրջանում կայունությամբ շահագրգիռ միջազգային ամենատարբեր կառույցներում՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ նրանց դիվանագիտական ջանքերը ակտիվացնելու նպատակով:
«ՀՀ նախագահի հայտարարությունը կարևոր է նաև մեկ այլ տեսանկյունից ևս: Խոսքը հայկական կողմերի պաշտպանվելու իրավունքի իրացումը միջազգային հանրության կողմից առավել ընկալելի դարձնելու մասին է: Բանն այն է, որ եթե պաշտոնական Բաքուն չի հարգում իր իսկ խոսքը և միտումնավոր ապակայունացնում է իրադրությունն առաջնագծում, ապա բնական է, որ նման սադրիչ քայլերը պետք է հանդիպեն հայկական կողմերի անխուսափելի հակազդմանը»,- ասաց փորձագետը:
Ըստ բանախոսի՝ միջազգային կառույցները պետք է հստակ գիտակցեն այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ սեփական սադրիչ քայլերի հետևանքների պատասխանատուն միմիայն ադրբեջանական կողմն է:
«Այո հայկական կողմերը շահագրգռված են առաջնագծում լարվածության լիցքաթափմամբ, սակայն միևնույն ժամանակ նրանք պասսիվ դիտորդի դերում մնալ չեն կարող այն դեպքերում, երբ վտանգվում է հայ զինծառայողների և խաղաղ բնակչության կյանքը: Սակայն պաշտոնական Բաքվի դեստրուկտիվ կեցվածքն ի ցույց դնելով ստեղծվում է նպաստավոր ֆոն, որի ներքո անհրաժեշտության դեպքում մեր պաշտպանվելու իրավունքի իրացումն առավել հասկանալի և ընկալելի է դառնում եվրոպական կառույցների կողմից: Հայկական կողմը հանդես է գալիս խաղաղության ջատագովի դերում՝ միաժամանակ լինելով խաղաղություն պարտադրելու ունակ»,- հավելեց Դ. Ջամալյանը:
Նա նշեց, որ տվյալ պատմական ժամանակահատվածում մեր երկիրը ներկայանում է աշխարհին ոչ թե թղթե շերեփով, այլ թիկունքին ունենալով խաղաղություն պարտադրելու ունակ բանակ:
«Միջազգային զսպման մեխանիզմների անգործության պատճառով ադրբեջանական կողմը դարձել է սանձարձակ, ինչը վտանգվում է մեր դիրքապահ զինվորականների կյանքը: Բնական է, որ տվյալ դեպքում սանձարձակ թշնամուն զսպելու միակ ելքը մեր պաշտպանվելու իրավունքի իրացումն է, որն էլ այս ելույթից հետո դառնում է դիվանագիտորեն առավել հիմնավորված: Նախագահի խոսքում կարևոր էր նաև անդրադարձը Ադրբեջանում հայատյացության քարոզչությանը: Մեր արևմտյան գործընկերները պետք է ճշգրիտ պատկերացում ունենան Ադրբեջանում տիրող իրողությունների մասին:
Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությանն անդրադարձը կարևոր է հենց եվրոպական հանրային գիտակցության մեջ այս ճշմարտությունը հասունացնելու առումով: Առաջին դեմքի մակարդակով թշնամանքի քարոզչությունը խորթ է ներկայիս Եվրոպայի քաղաքական մշակույթը կրող յուրաքանչյուրի համար: Հետևաբար համայն հայության Ադրբեջանի առաջին թշնամի լինելու մասին Ալիևի վերջին հայտարարության ֆոնին եվրոպական հանրության լայն շրջանների ընկալումներում Արցախի անկախ գոյության հեռանկարն առավել ընդունելի և հիմնավոր է դառնում»,- եզրափակեց փորձագետը: