Կկառուցվի քաղաքի կենտրոնը շրջանցող 2,6 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց Երևանում նոր մայրուղի կառուցելու ներդրումային ծրագիրը: Ինչպես նշեց քաղաքապետը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Ծովակալ Իսակովի և Լենինգրադյան փողոցի միջև կկառուցվի քաղաքի կենտրոնը շրջանցող 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղի:
Ըստ Տ.Մարգարյանի՝ կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը, բացի այդ՝ զգալիորեն կթեթևանա Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը:
Նախագծով նախատեսվում է երկու տրանսպորտային հանգույցների մասնակի լուծում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում: Ծովակալ Իսակովի պողոտայի հատվածի տրանսպորտային հանգույցը հետագայում կզարգանա (2-րդ փուլ)՝ մայրուղու շարունակությունը նախատեսող «Երևան Բերդ» նախագծային թաղամասի եզրով և Հրազդանի գետի վրայով՝ ապահովելով դեպի Արշակունյաց պողոտա: Լենինգրադյան փողոցի հետ միացման հանգույցը հետագայում նույնպես կզարգանա՝ այն Տիչինայի փողոցի շարունակությամբ միանալով Սեբաստիա փողոցի հետ:
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի նախնական հաշվարկներով՝ ավտոմայրուղի կառուցելու հետ կապված նախագծանախահաշվային փաuտաթղթերի կազմման և կապիտալ շինարարության աշխատանքների խոշորացված արժեքը կազմում է շուրջ 3 միլիարդ 710 մլն դրամ: Շինարարությունն իրականացնելու է «Սահակյանշին» ընկերությունը
Նշենք, որ ավտոմայրուղին անցնում է Դալմայի ագիների անտառային ֆոնդի հողերի սահմանով Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի հարավ–արևմուտք ընկած տարածքով:
Ավտոմայրուղու կառուցման արդյունքում նշված տարածքում առաջանում է 5,3 հա ազատ հողամաս, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, անմիջապես Կենտրոն վարչական շրջանի սահմանին հարակից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում