Կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիային մասնակցում էին նաև տղամարդիկ
Կանանց իրավունքների կենտրոնը օրվա առիթով յուրօրինակ ակցիա էր կազմակերպել` կին անցորդներին բաժանելով ծաղիկներ ու թռուցիկներ, բուկլետներ, որոնք իրազեկում են` թե ինչ է ընտանեկան բռնությունը, ու բռնության ենթարկվելուց հետ` ամենակարևորը, պետք է բարձրաձայնել այդ մասին, որպեսզի հետագայում զերծ մնան նման տհաճ իրավիճակներից: Ակցիան մեկնարկեց Մ. Սարյանի արձանի հարակից տարածքից և շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա:
Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ակցիան ուղղված է կանանց միամսյակին ու փորձում են նման կերպ կանանց շրջանում բարձրացնել իրազեկվածության աստիճանը: «Կարևորն այն է, որ այսօր մեզ միացել են նաև տղամարդիկ»,- ասաց նա:
Ակտիվիստ Արա Ղազարյանն ասաց, որ նման միջոցառումներին մասնակցելով, ցանկանում է իր խոսքն ասել` բռնության կիրառող տղամարդկանց: «Կինը նուրբ էակ է, ստեղծված է սիրվելու համար, պետք միշտ պաշտպանել»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ Հայաստանում կինն այնքան էլ պաշտպանված չէ: «Միգուցե խնդիրը մեր ավելի պահպանողական մտածելակերպն է»,- ընդգծեց Ա. Ղազարյանը: Ըստ նրա, մեր հասարակության մեջ պետք է բարձրացնել կնոջ դերը: