Իրանի հարցում Վաշինգթոնը չի կարող մեծ ակնկալիքներ ունենալ Երևանից
Հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հաֆերնն ասել է, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Հայաստանը Իրանի հարցում միշտ չէ, որ քվեարկում է այնպես, ինչպես որ ցանկալի կլիներ Վաշինգթոնի համար, և հույս է հայտնել, որ Հայաստանը կօգնի Իրանի քաղաքական մեկուսացման հարցում: Մեկնաբանելով դեսպանի հայտարարությունը` «Голос Армении»-ն գրում է, որ Իրանի քաղաքական մեկուսացման գործընթացում Հայաստանի մասնակցության վերաբերյալ Ջոն Հաֆերնի հույսերը չափազանցված են, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Երևանը ստիպված է մաքսիմալ ջանքեր գործադրել Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման համար:
Նկատելով, որ Թեհրանն ու Երևանը բազմաթիվ համատեղ նախագծեր ունեն` ուղղված Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանը, թերթը գրում է. «Վաշինգթոնը, փաստացիորեն, անկարող եղավ դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երաշխավորը: Շատ արդիական կլիներ, եթե Երևանից Իրանի մեկուսացման հարցում ակնկալիքներ ունեցող Վաշինգթոնը քայլեր ձեռնարկեր Թուրքիայի քաղաքական մեկուսացման համար, որը ֆաշիզմի տարածումով զբաղվող Ադրբեջանի հետ միասին տարածաշրջանի գլխավոր ապակայունացնող ուժն է»: