Նախարարները կանանց մաղթում են երջանկություն, երջանկություն ու էլի երջանկություն
Բոլոր կանանց ցանկությունը մեկն է՝ իրենց նկատմամբ ուշադիր և հոգատար լինել ոչ միայն Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, այլև տարվա բոլոր օրերին: Իսկ ուշադրության արժանի են ոչ միայն կին նախարարները, նախարարների կամ որևէ պաշտոնյայի կանայք, այլև բոլորը: Այդուհանդերձ, փորձեցինք ճշտել, թե նախարարներն ինչպես են շնորհավորելու իրենց կանանց մարտի 8-ը և ինչ անկնկալի է սպասում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Մշակույթի նախարարն ասաց, որ մարտի 8-ն ամենացանկալի տոներից մեկն է: Արդեն 30 տարի է` այդ օրը ծաղիկներ է նվեր ստանում ամուսնուց և միշտ սպասում է ոչ միայն այդ ծաղիկներին, այլև որևէ անակնկալի: «Երբ փոքր էի, հիշում եմ, մարտի 8-ը միակ օրն էր, երբ հայրս տանը գործ էր անում` պալատյոր էր անում տունը: Դա ինձ համար միշտ մնում է սպասված մի բան, ես միշտ ուզում եմ, որ իմ կյանքում էլ նման մի բան լինի, որ ես զարմանամ: Դեմ չէի լինի, եթե ամուսինս էլ զարմացներ ինձ, բայց երբեք նման բան չի եղել»,- ժպտալով ասում է մշակույթի նախարարը:
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն էլ նշեց, որ դեռ չի հասցրել կնոջ համար անակնկալ պատրաստել, բայց մի բան հաստատ կմտածի, իսկ ծաղիկներ անպայման կլինեն: «Կանանց էլ առողջություն ու երջանկություն եմ ցանկանում»,- նշեց Մ.Վարդանյանը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ նախընտրում է ծաղիկներ նվիրել կնոջը: Կինը վստահում է ամուսնու ճաշակին: «Դե եթե իրան եմ ընտրել, պիտի որ վստահի իմ ճաշակին»,- ժպտալով ասում է նախարարը: Հ.Թովմասյանի խոսքերով՝ այս տարի առաջին անգամ իր 7-ամյա որդու հետ է պատրաստվում մարտի 8-ի նվերներ գնել, չնայած որդին արդեն նվերներ պատրաստել է թե մայրիկի, թե քույրերի համար: «Կանանց մաղթում եմ կանացի երջանկություն, ընտանեկան համերաշխություն և մայրական զգացմունքներ իրենց երեխաների նկատմամբ: Առանց իրանց իրոք հնարավոր չի»,- նշեց Հ. Թովմասյանը:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի խոսքերով՝ ավանդաբար մարտի 8-ին կնոջը վարդեր և օծանելիք է նվիրում, այն, որը դուր է գալիս նրան. «Դե ես այդքան լավ չեմ հասկանում»: Առողջապահության նախարարը կանանց և աղջիկներին երջանկություն, ուրախություն ու երազանքների իրականացում է մաղթում և, բնականաբար՝ առողջություն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ մարտի 8-ին կնոջը նվիրում է հետաքրքիր մի բան, ինչը վստահ է կուրախացնի կնոջ, սակայն կարևոր չէ նվերի արժեքը: «Ես մենակ կնոջս նվերներ չեմ անում, նվերներ եմ անում մայրիկիս, քրոջս և հարազատ բոլոր մարդկանց»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա