Բաղդասարովը «Արմավիայի» համար գնորդ է ման գալիս
«Արմավիա» ավիաընկերության սնանկանալ-չսնանկանալու հարցի առնչությամբ ընկերության սեփականատեր Միխայել Բաղդասարովը նախօրեին՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկման գները չիջեցնի, ապա «Արմավիան» կգնա սնանկացման ու կփակվի։ Միխայել Բաղդասարովի խոսքերով՝ «եթե համաձայնության չգանք՝ կհայտարարենք սնանկացման մասին, տոմսերը կվերադարձնենք, ինքնաթիռները կվաճառենք ու պարտքերը կտանք»:
«Առավոտը» նշել է, որ «Օրեր առաջ քաղաքացիական ավիացիայի նախկին պաշտոնյաներից մեկը նույնպես կանխատեսել էր, որ «Արմավիա»-ին տանում են սնանկացման, քանի որ ինչ-որ մեկը աչք է դրել այս բիզնեսի վրա, որն էլ հավակնում է դառնալ ազգային ավիափոխադրող»։ Միխայել Բաղդասարովը, մեկնաբանելով այս և նմանատիպ այլ հայտարարություններ, թերթին ասել է. «Ես հազար անգամ ասել եմ՝ «Արմավիան» վաճառվում է, հազար անգամ էլ ասել եմ՝ «Արմավիան» չի վաճառվում։ Հիմա էլ ասում եմ՝ եթե ուզող կա, հիմա էլ հաճույքով կվաճառեմ։ Ո՞վ է ուզում գնել, մատով ցույց տվեք»:
Չնայած դրան, պարոն Բաղդասարովը հայտնել է, որ ՀՀ վարչապետը հանձնաժողով է ստեղծել, որն արդեն զբաղվում է այս հարցով. «Եթե նպաստավոր պայմաններ ստեղծեն, կաշխատենք, եթե ոչ՝ ուղղակի ի վիճակի չենք լինի աշխատելու»:
Թերթի հավելմամբ` «Տարիներ առաջ էլ հսկայական պարտքերի պատճառով սնանկացման տարան նաև «Հայկական ավիաուղիներ»-ին, ինչի հետևանքները մինչ օրս չեն կարողանում մարսել «Հայկական ավիաուղիների» բազմաթիվ աշխատակիցներ, որոնց ընկերությունը հարյուր հազարներով պարտքեր ունի մինչ այժմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները