«Փառք քեզ Աստված, որ «Դորիանսը» Ադրբեջան չի գնալու». Շուշան Պետրոսյան
Երգչուհի Շուշան Պետրոսյանը համոզված է, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ- 2012» երգի մրցույթին Հայաստանի չմասնակցելու հարցը նույնիսկ քննարկման անհրաժեշություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհին: «Այնքան ուրախ եմ, որ այն ինչի հանգեցին, այդ ամենը ես վաղուց ասել եմ: Ուզում եմ այդ ամպագորգոռ կուրծք ծեծող մարդկանց հարցնել, դու եղբայր, դու որդի ունե՞ս, կուղարկեի՞ր, քո եղբորը, հարազատին, սիրած տղային: Չեմ հասկանում, ո՞նց կարելի է խաղ անել Ադրբեջանի հետ»,- նշեց նա:
Նրա խոսքերով՝ ով կհամարձակվի մարդ ուղարկել մի երկիր, որտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չի գործում: Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, ինչի արդյունքում հայ զինվորներ են զոհվում:
Շ.Պետրոսյանը նշեց, որ անհանգստացել էր, երբ լսել էր՝ «Դորիանս» խմբին ցանկանում են Եվրատեսիլ մրցույթին ուղարկել: «Այն էլ Գոռին: Երեկ «Դորիանսի» համերգին էի ու ամեն վայրկյան ասում էի, փառք քեզ Աստված, փառք, որ այս երեխեքը չեն գնալու, որովհետև շշմելու երաժիշտներ են: Ոչ մի դեպքում, միանշանակ։ Ինչի՞ պիտի գնային»,- ասաց երգչուհին:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ գտնում է, որ Ադրբեջան գնալու կարիք չկա, քանի որ մենք նրանց որևէ բան ապացուցելու խնդիր չունենք. «Թշնամական, ուրեմն՝ թշնամական»:
Նշենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: «Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»,-նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները