Շուշան Պետրոսյանը իրեն տեսնում է ապագա խորհրդարանում
«Եթե ինձ առաջարկվեր Ազգային Ժողովում տեղ, ապա կհամաձայնվեի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ հավելելով, որ ինքը ստեղծագործող մարդ է և կարծում է, որ ԱԺ-ում էլ կարելի է ստեղծագործել, այնտեղ էլ ինչ որ բան փոխել: «Ես հասկացա, որ այսքան տարիներ, անվերջ խոսելու փոխարեն պետք է նաև գործել: Ես առաջին հիպի պատգամավորը կլինեի, ինչ զիլ կլիներ»,- ժպտալով ավելացրեց Շ.Պետրոսյանը: Նա նշեց նաև, որ ստեղծագործական կյանքին զուգահեռ միշտ ինչ որ աշխատանքներով զբաղվել է, որոնց մասին երբևէ չի խոսել, քանի որ չի սիրում, երբ ինքնակենսագրություն են կերտում:
Երգչուհու խոսքերով՝ ինքը միշտ կռիվ ունի և միշտ կողմ է մշակութային ներկայացվածությանը խորհրդարանում: «Ես դրա համար բաց եմ: Կուզեի մաքրամաքուր խոսող, մտածող, ինչպես նաև չհամաձայնող Ազգային ժողով ունենալ: Ուզում եմ, որ մշակութային ներկայացվածություն լիներ: Տարիներ շարունակ մշակութային մարդիկ եղել են ԱԺ-ում, բայց ձմռան նման եկան ու անցան, ոչ մեկ կռիվ չտվեց»,- նշեց Շ.Պետրոսյանը: Ըստ նրա՝ մշակութային ոլորտում միակ որոշումը թերևս եղել է այն, որ ընդունվել է ֆոնոգրամայով չերգելու մասին օրենք: «Ես դա հաղթանակ եմ համարում, բայց իրականում ծիծաղել է, դա պետք է օրինաչափություն լիներ, դրա մասին օրենք չպետք է գրվեր», - նկատեց երգչուհին:
Հարցին, թե որ քաղաքական ուժի հետ կգնար, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Իսկ ինչ եք կարծում, պարզ չի՞»: Պարզվեց, որ նա ԱԺ կգնար Հանրապետական կուսակցության հետ:
Ի տարբերություն երգչուհու, ասուլիսին ներկա «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ առաջարկներ եղել են, սակայն մերժել է, քանի որ իրեն չի տեսնում այս ԱԺ-ում: Սակայն նա չցանկացավ բարձրաձայնել, թե որ քաղաքական ուժից է առաջարկ ստացել: «Իսկ չեմ համաձայնվում, քանի որ ես արդեն իսկ ինչ-որ կերպով քաղաքականությամբ զբաղվում եմ: Ես ինձ լավ եմ զգում թերթի խմբագրի պաշտոնում և ինձ չեմ տեսնում այս խորհրդարանում: Խորհրդարան պիտի գնան մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, այլ զբաղմունք չունեն, իրենց գլխավոր աշխատանքը պետք է լինի օրենսդիր աշխատանքը և ոչ թե այն դիտարկի որպես հոբբի: Այնտեղ չպետք է լինեն խանութների ցանց ունեցող մարդիկ»,-ասաց նա:
Ազգային ժողովում իրեն չի տեսնում նաև երգչուհի Լիլիթ Պիպոյանը: «Ես չեմ սիրում նման աշխատանք ոչ թե նրա համար, որ չեմ կարող, կամ արժանի չեմ համարում, պարզապես ես բնույթով ստեղծագործող մարդ եմ և սիրում եմ մենակ աշխատել: Եւ ղեկավարել մարդկանց նույնպես չեմ սիրում: Առաջարկի դեպքում կհրաժարվեմ»,- նշեց Լ.Պիպոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները