«Եթե Հայաստանի կանայք 24 ժամ գործադուլ հայտարարեն, ամբողջ Հայաստանը կդադարի աշխատել»
Եթե Հայաստանի կանայք 24 ժամ գործադուլ հայտարարեն, ամբողջ Հայաստանը կդադարի աշխատել` հացի փուռից սկսած, վերջացրած` դպրոցներ, հիվանդանոցներ, բանկեր: Կանանց ձեռքում մեծ ուժ կա, բայց որը չի օգտագործվում: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության կազմակերպած «Կնոջ դերը քաղաքականության մեջ» խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Սոցիալիստական ինտեռնացիոնալի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը:
Ըստ նրա, կնոջ դերը քաղաքական կյանքում շատ կարևոր է, կինը մեծ ներդրում կարող է ունենալ: «Հավատում եմ, որ քաղաքական մշակույթը շատ ավելի կբարելավվի, եթե կանայք մասնակից լինեն»,- ասաց նա ու բերեց մի քանի օրինակներ սկանդինավյան, Արևմտյան Եվրոպայի երկրներից, որտեղ քաղաքականությամբ զբաղվող կանայք բավականին շատ են, ինչի հետևանքով այդ երկրներում սոցիալական բարեփոխումները շատ արագ են կատարվել ու շատ արմատավորված են: Նրա խոսքով, միջազգային ցուցանիշերով կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ կազմում է 20-22 տոկոս, իսկ Հայաստանում այն ընդամենը 9 տոկոսն է:
Մ. Թիթիզյանն ասաց, որ բազմաթիվ պատճառներ կան, որ կանայք ներգրավված չեն քաղաքական դաշտում: «Խաղի կանոները տղամարդիկ են հիմնել: Բացի այդ, այսօր քաղաքականությունը Հայաստանում մի քիչ կոշտ ու կոպիտ է, կինն ընդհանրապես չի ուզում առնչվել այդ միջավայրի հետ, այսինքն` տղամարդիկ սիրուն ձևով դուրս են մղում կանանց այդ գործընթացներից»,- ասաց Սոցինտեռնի փոխնախագահը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում բնակչության 51 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են ու մեծ հնարավորություն ունեն իրենց ձեռքը վերցնել շատ ոլորտներ, բայց այդ ուժը երբևէ չեն օգտագործում: Նրա կարծիքով, այդ ուժը հնարավոր կլինի օգտագործել միայն այն դեպքում, եթե կանայք համախմբվեն, լինեն միասնական, սատարեն իրար, հպարտանան մեկը մյուսի հաջողությամբ: «Բացի համախմբավածությունից, հարկավոր է նաև կամք, հավատ»,- ասաց Մ. Թիթիզյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները