«Ռազմական համագործակցությունը` պետության համար արտաքին քաղաքականության ամենակարևոր բաղադրիչներից»
Ռազմական համագործակցությունը պետության համար արտաքին քաղաքականության ամենակարևոր բաղադրիչներից և անվտանգության երաշխիքներից մեկն է: ՀՀ-ի համար ռազմական համագործակցությունն առաջնահերթ սպառազինության, զինամթերքի, տեխնիկայի և այլ նյութական միջոցների ներմուծում է, ինչպես նաև վերանորոգում: Հաջորդ քայլերն արդեն կադրերի պատրաստումն է և ռազմական ուսմունքի ու հիմունքների ուսումնասիրությունը: Համագործակցությունը տալիս է նաև այլ կարևոր հարցերի լուծում: Ինչպես գիտենք, ռազմական լայն համագործակցությունները կառուցվում են քաղաքական դաշինքների և արտաքին կայուն փոխհարաբերությունների հիման վրա:
Ռազմական ոլորտի զարգացման, մատակարարման և այլ հարցերի հիմնական մասը ներկայումս հիմնականում լուծվում են ՌԴ-ն հետ: Կան նաև ռազմական համագործակցության ծրագրեր այլ երկրների հետ: Մասնավորապես մեզ հետաքրքրում են տեխնիկական մատակարարման հարցերը, կադրերի պատրաստման հարցը արևմտյան երկրների հետ բավականին լավ հիմքերի վրա է:
Մեզ համար կարևոր է ռազմական համագործակցությունը տարբեր երկրների հետ: Մեծ հետաքրքրություն է և հեռանկարային է ռազմական համագործակցությունը հատկապես Հնդկաստանի հետ: Գաղտնիք չէ, որ այս պետությունն իր տնտեսությամբ, իր ռազմական ներուժով և քաղաքական կշիռով օր-օրի ավելի է մոտենում գերտերությունների վերին սանդղակին: Հնդկաստանը ևս ինչպես ցանկացած հզորացող երկիր շահագրգռված է իր համար նոր գործընկերների ձեռքբերման հարցում: Այդ քայլերից պետք է համարել հնդկական բանակի տարեցտարի մեծացող համատեղ զորավարժությունների քանակը տարբեր երկրների հետ: Բազմաբևեռ աշխարհում շատ կարևոր է համագործակցությունը աշխարհի հզոր ուժային կենտրոնների հետ: Նման կենտրոններից է դառնում նաև Հնդկաստանը:
Հնդկական ԶՈւ-երի սպառազինման և ռազմաարդյունաբերական մակարդակը ներկայումս նախանձելի առաջընթաց ունեն: Ստեղծվում են հնդկական նմուշի ինքնաձիգներ, հրասայլեր, տարատեսակ հրթիռներ, նավեր և անգամ կործանիչներ: Հնդկաստանը մի քանի տարի անց իր ավիակիր նավերի քանակով կարող է դառնալ երկրորդն աշխարհում*: Հարկավոր է օգտագործել այդ հնարավորությունները և Հնդկաստանի օրեցօր աճող քաղաքական կշիռն ի նպաստ մեր անվտանգության ապահովման բարելավմանը: Մեզ համար հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն հանգամանքը, որ մեր ՌՕՈւ-երի հետագա զարգացման համար Հնդկաստանը կարող է բացել հիանալի հնարավորություններ: Բանն այն է, որ հնդկական ՌՕՈւ-ի սպառազինության մեջ են գտնվում չորրորդ սերնդի լավագույն կործանիչներից առնվազն երեքը` Су-30, МиГ-29, Mirage-2000: Մոտ ապագայում նրանք ձեռք կբերեն ֆրանսիական նոր կործանիչներ, որոնք, ինչպես վերը նշեցինք, իրենց հիանալի ցուցաբերեցին Լիբիայում: Ընդ որում Հնդկաստանը ներկայումս արտադրում է մեզ այդքան հետաքրքող Су-30-ը, իսկ ապագայում նաև ֆրանսիական Rafale կործանիչներ:
Ամերիկյան և եվրոպական երկրների ՌՕՈւ-երի հետ անցկացված բարձր մակարդակի զորավարժությունները փաստում են, որ հնդկական օդաչուական դպրոցը լիովին կայացած է և լավ ավանդույթներ ունի: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև հնդկական հրթիռաշինությունը, որը ևս մեծ արդյունքների է հասել: Մասնավորապես մեզ այնքան հետաքրքրող մարտավարական և օպերատիվ մարտավարական հրթիռների ոլորտում: Հնդկական Prithvi III (SS-350), Agni 1 և այլ հրթիռները մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար: Դրանք շատ բացառիկ նմուշներ են, իրենց հիմնական տվյալներով գերազանցում են համանման չինական, կորեական, իրանական և շատ այլ հրթիռների և մոտենում են աշխարհի առաջատար ստեղծողների նմուշներին:
Հնդկական բանակը լեռնային պայմաններում մարտական գործողությունների վարման հիանալի փորձ ունի: Արդեն մի քանի տասնամյակ է Հիմալայներում չեն ավարտվում մարտական գործողությունները, որոնք երբեմն դառնում են պասիվ, իսկ երբեմն ստանում են մեծ ինտենսիվություն: Մասնավորապես 1999թ. այսպես կոչված Կարգիլյան հիմնախնդրի ժամանակ հնդկական բանակը լավ փորձ անցավ օդուժի, հրետանու և հատկապես հատուկ ստորաբաժանումների կիրառության գործում: Այս ամենը մեզ համար չափազանց կարևոր է:
* ԱՄՆ-ից բացի մեկից ավելի լիարժեք ավիակիր նավ չունի ոչ մի երկիր: Հնդկաստանը ներկայումս ունի մեկ, իհարկե, ոչ լիարժեք, սակայն աշխարհում եղածներին չզիջող ավիակիր նավ: Մոտ ապագայում կստանա երկուսը ևս, որոնք կունենան նաև չորրորդ սերնդի կործանիչներ:
Су-30 կործանիչը մոտակա 20 տարում կարող է դառնալ աշխարհի ամենամասսայական կործանիչներից մեկը: Բանն այն է, որ լինելով 4-րդ սերնդի լավագույն կործանիչներից մեկը և ներկայումս լավագույն ռուսականը՝ այն բավականին էժան է, ինչի համար էլ ձեռք է բերվում մի շարք երկրների կողմից: Այս կործանիչի հիմնական թերությունները` վատ ռադիոսարքավորումներ, սպառազինություն և այլն, կարելի է որոշակիորեն շտկել: Հենց այս ճանապարհով կարող են գնալ Չինաստանը և Հնդկաստանը, որոնք պլանավորում են մեծ քանակությամբ նման կործանիչներ ունենալ: 10-20 տարի հետո արևելքում այս կործանիչները կարող են լուրջ բախումների մեջ լինել ամերիկյան կործանիչների հետ: Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան կունենան մեծ քանակությամբ նման կործանիչներ, որոնց հետ շահերի բախում կարող են ունենալ ամերիկյան կործանիչներով զինված Ճապոնիան և Ավստրալիան: Այս տեսանկյունից էլ շահավետ է նման կործանիչների ձեռքբերումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում