Տիգրան Արզաքանցյանը չի բացառում, որ Գավառում կրկին կառաջադրվի
ՀՀԿ 13-րդ համագումարին, ի թիվս այլ սպասված հյուրերի, չէր մասնակցում նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Համագումարին չմասնակցելու պատճառների և առաջիկայում իր գործունեության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Գավառի տարածաշրջանից պատգամավոր ընտրված գործարարի հետ:
-Պարոն Արզաքանցյան, Դուք ՀՀԿ համագումարին ներկա չէիք: Ինչ-որ բա՞ն է պատահել:
-Այո, ՀՀԿ-ի համագումարին ես ներկա չէի, քանի որ Հայաստանում չեմ, կգամ առաջիկայում:
-Իսկ Ձեր բացակայությունը հարգելի՞ էր: Չէ՞ որ կուսակցության հաշվետու համագումարն էր, այն էլ` նախընտրական շրջանում:
-Ես գործեր ունեի, ծանրաբեռնված էի, բայց ձեզ ասեմ, եթերով ես հետևել եմ համագումարին, լսել եմ նախագահի ելույթը:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթն ինչպե՞ս կմեկնաբանեք, մանավանդ գործարարներին ուղղված ուղերձ էլ հնչեց:
-Գիտեմ, նախագահի ելույթը ես լսել եմ ամբողջությամբ: Հեռախոսով չեմ ուզում մեկնաբանություն անել:
-Կարծիք կա, որ համագումարին ներկա չէիք այն պատճառով, որ նեղացած եք կուսակցությունից՝ ձեր ընտրատարածքում մեկ այլ թեկնածու առաջադրելու համար:
-Չկա նման բան, վիրավորվածության, նեղացածության ոչ մի խնդիր չունեմ: Ես անգամ վերջնական որոշումս չեմ կայացրել` ուզո՞ւմ եմ առաջադրվել, թե՞ ոչ: Բայց եթե առաջադրվեմ էլ, թեկնածությունս կդնեմ իմ ծննդավայրում՝ Քյավառում:
-Այսինքն հնարավո՞ր է, որ մեծամասնականով վերստին առաջադրվեք նույն` 22-րդ ընտրատարածքում:
-Այո, ես իմ որոշումը դեռ կոնկրետ չեմ կայացրել:
-Իսկ տեղյա՞կ եք, որ նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ հայտարարել է նաև Մանվել Բադեյանը:
-Այո, տեղյակ եմ: Ով ինչ ուզում, ընենց անում է: Ես վիրավորվածության ոչ մի բան չունեմ:
-Բայց նա ևս Հանրապետական կուսակցության անդամ է:
-Հա, ի՞նչ անեմ …կուսակցությունը կորոշի, ես չեմ կարող ոչ մի բան ասել, մանրամասն կգամ ըտեղ, կխոսենք:
-Եթե, այնուամենայնիվ, կուսակցությունը որոշի թիվ 22 ընտրատարածքում առաջադրել Մանվել Բադեյանի թեկնածությունը, պատրա՞ստ եք սատարել նրան, օգնել ընտրություններին:
-Մանվել Բադեյանն իմ ընկերն է, մենք ոչ մի խնդիր չունենք, չկա իրան սատարելու որևէ խնդիր: