Ա. Բախշյանը էթիկայի հանձնաժողովի համար քննության առարկաներ է մատնանշել
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցը չորրորդ աստիճանի վթարային շենք է: Ինչպես հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Խորհրդարանական ժամ» ծրագրի շրջանակում, աշակերտների ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, երեխաների կյանքը խարխլած շենքում վտանգված է, կրթության իրավունքը` նունպես:
«Իսկ դպրոցի շենքի պատմությունը հետևյալն է. 2011թ. պետական բյուջեով նախատեսվել է նոր դպրոցի կառուցում: Աշնանը սկսել են փորել դպրոցի հիմքերը, գյուղացիները ոգևորվել են, երեխաները` ուրախացել, սակայն շատ կարճ ժամանակ հետո «Սպիտակ կամար» ՍՊԸ-ն հավաքել է շինտեխնիկան ու հեռացել»,-ասել է Բախշյանը, ապա շարունակել. «Հարգելի´ ազնիվ կառավարություն, ինչպե՞ս կարող էր հայտարարվել շինարարության մասին մրցույթ, կառավարության որոշմամբ հաստատվեր մրցույթը հաղթող կազմակերպությունը, ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջեով տրամադրվեր 40 մլն դրամ, իսկ կառավարության որոշմամբ ետ վերցվեր օրենքով նախատեսված գումարը: Սա կառավարության ոչ միայն անազնվության, այլև ապօրինի գործունեության մի օրինակ է, իսկ նման անազնվության փաստերի հետ ամեն օր ու ժամ, ցավոք, բախվում են մեր հասարակության անդամները»:
Բախշյանը նաև նշել է, որ բազմաթիվ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, ովքեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում են իրենց հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով: Ըստ պատգամավորի, դրանով պետք է զբաղվի էթիկայի հանձնաժողովը:
«Օրինակ, Արագածոտնի մարզի երեք դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար պայմանագրերը կնքվել են մարզպետի եղբոր «Ես և նա» ՍՊԸ–ի հետ, որը, ըստ Քաղաքաշինության նախարարության տեսչության տեղեկանքի, հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է խիստ անորակ ու ժամկետների խախտումով, և իմ կողմից հնչեցված բոլոր ահազանգերի հանդեպ կառավարությունը, ի դեմ փոխվարչապետի, ցուցաբերում է կատարյալ անտարբերություն: Սա ավելին է, քան անազնիվ գործելակերպը»,-հայտարարել է Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան