Էլինա Դանիելյանը զիջեց դիրքերը
Թուրքական Գազիանթեփում շարունակվող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրում Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան առավելության հասան Ելենա Չերեդնիչենկոյի և Մարթա Միչնայի նկատմամբ: Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Թան Թրանգ Հոանգի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Հայրապետյանը զիջեցին Սալոմե Մելիային և Եզգի Մենզիին:
Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Ալմիրա Սկրիպչենկոն միավորը կիսեց Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ Նելլի Ալեքսանյանը պարտվեց Ելիզավետա Բրոնիկովային:
Այսպիսով` հաշվետու տուրից հետո Էլինա Դանիելյանը 6 միավորով հաստատվել է 11-րդ տեղում` առաջատարից` Աննա Մուզիչուկից հետ մնալով 1,5 միավորով: Ալմիրա Սկրիպչենկոն 5,5 միավորով 25-րդն է: Նույնքան միավոր ունեցող Մարիա Կուրսովան զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 36-րդն է: Լիլիթ Գալոյանն իր ակտիվում 4,5 միավոր ունի (57-րդ տեղ): Նելլի Ալեքսանյանն ու Աննա Հայրապետյանը 3-ական միավորով ընթանում են համապատասխանաբար 85-րդ և 91-րդ տեղերում:
Այսօր կայանալիք 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Սալոմե Մելիայի (Վրաստան), Մարիա Կուրսովան` Նատալիա Ժուկովայի (Ուկրաինա), Լիլիթ Մկրտչյանը` Զոյա Սչլեյնինգի (Գերմանիա), Լիլիթ Գալոյանը` Թուրքան Մամեդյարովայի (Ադրբեջան), Աննա Հայրապետյանը` Էմել Քայայի (Թուրքիա), Ալմիրա Սկրիպչենկոն` Անաստասիա Բոդնարուկի (Ռուսաստան), Նելլի Ալեքսանյանը` Լիլիա Դրլևիչի (Սերբիա) հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա