Թուրք պատմաբան. Թուրքիայի կառավարությունը բացահայտ հովանավորում է հայատյացությունը
Թուրք վտարանդի պատմաբան, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած մտավորական Թաներ Աքչամը հարցազրույց է տվել թուրքական «Taraf» թերթին և մատնանշել թուրքական պետության հովանավորությունը ռասիզմին: Աքչամը մասնավորապես նշել է, որ եթե հայերը քրիստոնյա չլինեին, ապա մահմեդական թուրքերը չէին փորձի նրանց բնաջնջել:
Իսլամիստները ստիպված են առերեսվելու այդ իրողության հետ, հակառակ դեպքում Թուրքիան չի կարողանա ժողովրդավարական դառնալ:
Դատապարտելով կառավարության թողտվությամբ Ստամբուլում հայտնված «Մի հավատա հայերի ստերին» գրությամբ վահանակները, Աքչամը հարց է ուղղում Թուրքիայի վարչապետ Էրդողանին, թե ինչպես նա կվարվեր, եթե, օրինակ, Նյու-Յորքում հայտնվեին «Մի հավատա մուսուլմանների ստերին», կամ Բեռլինում` «Մի հավատա թուրքերի ստերին» գրությամբ վահանակներ:
Խոջալուի դեպքերին նվիրված բողոքի ցույցի անցկացման վերաբերյալ Թաներ Աքչամը նկատել է տվել Անկարայի այն միտումը, որն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Ըստ Աքչամի` այդ ցույցով Անկարան հայությանն ու սփյուռքահայությանը հղում էր այն ուղերձը, որ եթե դուք մեզ վրա ցեղասպանության ճանաչման ճնշում գործադրեք, մենք էլ Թուրքիայում առկա ռասիզմը կհրահրենք Խոջալուի թեմայի ուղղությամբ:
«Թուրքիայում երկար ժամանակ թաքնված էր ռասիզմը: Այժմ իշխանությունները բացահայտորեն խրախուսում են հայատյացությունը և դիտվում են որպես ռասիստական ագրեսիայով հանրահավաքի կազմակերպիչ: Եվ դա իր իմաստն ունի: Այն է. Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացիների կյանքը վտանգված է, որովհետև հայերի կյանքի անվտանգության համար պատասխանատու ներքին գործերի նախարարը մասնակցում է այդ ցույցին ու ասում. «Թափված արյունը գետնին չի մնա»: Եվ առհասարակ Թուրքիայի քրիստոնյա քաղաքացիների կյանքը վտանգված է»,- ընդգծում է թուրք պատմաբանը: