Խառնիճաղանջ գովազդը խաթարում է Երևանի տեսքը, քաղաքապետարանում մտածում են չափորոշիչները փոխելու մասին
Երևանի արտաքին տեսքին ոչ հարիր, այն խաթարող գովազդային մեծ ու փոքր, գույնզգույն, գրեթե ամենուր փակցված ցուցապաստառները փաստորեն անհանգստացնում են նաև քաղաքային իշխանությանը: Չնայած «Գովազդի մասին» օրենքը կանոնակարգում է դաշտը, արտաքին գովազդի մասով առավել մեծ իրավասություններ տալով տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց չափորոշիչների սահմանման վերաբերյալ ավագանու որոշում կա, սակայն իրավիճակը, մեղմ ասած, անհանգստացնող է: Օրենքով հստակ ասվում է, որ Երևան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երևանի քաղաքապետը:
Որոշ դեպքերում էլ գովազդային վահանակներն ուղղակի խանգարում են երթևեկությանը: Օրինակ, Տերյան փողոցի սկզբնամասում տեղադրված խանութներից մեկի գովազդային ցուցանակը փակել էր նշանը, որով տեղեկացվում է, թե փողոցն այդ հատվածում միակողմանի է: Երթևեկության կանոնները խախտած վարորդին պետավտոտեսուչը կանգնեցրել էր, սակայն չէր տուգանել, համարելով, որ խախտումը ոչ թե վարորդի մեղավորության, այլ վահանակը սխալ տեղադրված լինելու հետևանք է:
Երևանի գլխավոր դիզայներ, քաղաքապետի խորհրդական Գառնիկ Ամատունյանը դա իր ղեկավարած ոլորտի առաջնային խնդիրներից է համարում: «Դիզայնի առումով Երևանի թիվ մեկ խնդիրը ես համարում եմ շենքերի վրայի գովազդային վահանակների խառնիճաղանջ վիճակը: Ինձ համար առաջնահերթ խնդիրը դա է»,-ասաց քաղաքապետարանի պաշտոնյան, հավելելով, որ այդ ուղղությամբ արդեն ծրագրեր են մշակվում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա փակագծերը չցանկացավ բացել. «Դուք շատ լավ գիտեք, որ դա բավականին բարդ ու դժվար աշխատանք է լինելու: Համենայն դեպս մոտակա ժամանկներում կլինի տարբերակը, թե ինչպես կարելի է անել, որպեսզի այդ բոլոր գովազդային վահանակները, ես ի նկատի ունեմ խանութների վրայի պաստառները, համահունչ լինեն: Հիմա աշխատում ենք այդ պրոյեկտի վրա, որից հետո դա կներկայացվի քաղաքապետին, որից հետո արդեն կսկսի գործընթացը: Դա շատ բարդ աշխատանք է, քանի որ բոլոր խանութների տերերն էլ, կոպիտ ասած, դեմ են լինում ինչ-որ փոփոխություններ անելուն, բայց սա մեր քաղաքն է ու մենք պետք է գեղեցկացնենք այն»:
Մայրաքաղաքի գլխավոր դիզայների խոսքով, տարբեր փողոցներ պետք է ունենան «մեկ ստիլ», չպետք է լինեն խառնիճաղանջ գովազդային վահանակներ, «որոնք ամբողջովին փչացնում են Երևանի արտաքին տեսքը»:
Panorama.am-ին Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից հայտնեցին, որ արտաքին գովազդի չափորոշիչները սահմանված են 2009թ. նոյեմբերի 18–ի N 37-Ն որոշմամբ, որտեղ հստակ սահմանված են գովազդային վահանակների հեռավորությունները միմյանցից ըստ արտաքին չափերի և սահմանափակումները՝ որտեղ և ինչ չափերի գովազդային վահանակներ է արգելվում տեղադրել:
Հայտնեցին նաև, որ Երևան քաղաքի արտաքին տեսքի պատշաճ ներկայացման հիմնախնդիրների շրջանակներում մշակվում են ընթացիկ և հեռանկարային զարգացման ծրագրեր, որոնք ներառում են նաև առկա գովազդային վահանակների և շենք-շինությունների վրա տեղադրված գովազդային ցուցանակների կանոնակարգման խնդիրները։ «Սպասվում են գործող չափորոշիչների փոփոխություններ»,-ասացին վարչությունից:
««Թույլատրելի ամենամեծ գովազդային վահանակ» հասկացություն չկա»,-բացատրեցին վարչությունից, նշելով, որ գովազդային վահանակի արտաքին չափերի ընտրությունը պայմանավորված է փողոցների լայնությամբ, շենք-շինությունների առկայությամբ, միջավայրի ընդհանուր վերլուծությամբ և կախված է գործող չափորոշիչներից: Ըստ ավագանու որոշման, Երևան քաղաքի Փոքր կենտրոնի սահմաններում տեղադրվող վահանակների չափը չպետք է գերազանցի 3մ x 4մ չափերը:
Նույն որոշման համաձայն, կանոններին չհամապատասխանող գովազդի միջոցները ենթակա են համապատասխանեցման սույն կանոններին՝ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նշված ժամկետում գովազդի միջոցները կանոններին չհամապատասխանեցնելու դեպքում դրանք ենթակա են ապամոնտաժման՝ սահմանված կարգով:
Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից հայտնեցին, որ գովազդի միջոցների կանոններին համապատասխանեցնելը արտաքին ձևավորման և գովազդի վարչության ամենօրյա գործառույթներից է։
«Նշված կանոններին չհամապատասխանող գովազդային միջոցների սեփականատերերը թե վարչության, և թե վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի կողմից զգուշացումներ են ստանում, ողջամիտ ժամկետներում գովազդային միջոցները կանոններին չհամապատասխանեցնելու դեպքում` ենթարկվում են ապամոնտաժման։ Սա անընդմեջ գործառույթ է։ 2011 թվականի դեկտեմբերի 31-ից մինչ օրս բազմաթիվ գովազդային միջոցներ համապատասխանեցվել են կանոններին, իսկ այն գովազդային միջոցները, որոնք հնարավոր չի եղել համապատասխանեցնել կանոններին, ապամոնտաժվել են թե սեփականատերերի և թե վարչության միջոցներով»,-ասված է պատասխանում, որը հստակ թվային որևէ տվյալ չի պարունակում:
Քաղաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն, արտաքին գովազդի մասով համայնքային բյուջե տարեկան հավաքագրվում է ավելի քան 1 մլրդ. դրամի չափով գումար: Ըստ ավագանու 1քմ-ի համար սահմանած դրույքաչափերի, արտաքին գովազդն առավել թանկ է Արաբկիրում և Կենտրոնում: Որոշմամբ, Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում դրույքաչափը սահմանվել է 2000 դրամ, Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 դրամ. (Մյասնիկյան պող.- 2625դրամ), Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 2625դրամ), Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 դրամ, դատարկ գովազդային վահանակների համար` 1225 դրամ: Ալկոհոլային խմիչքների արտաքին գովազդի համար այլ դրույքաչափեր են սահմանված:
Նշենք, որ Երևան քաղաքում գովազդային գործունեություն իրականացնում են հիմնականում հետևյալ կազմակերպությունները` «ԷԳԱ» ՍՊԸ, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ, «Իմէքս Գրուպ» ՍՊԸ, «Իմիջ Մեդիա» ՍՊԸ, «Միկմետալ» ՍՊԸ, «Արաբելլա» ՍՊԸ, «Էյ Ընդ Վի Դիզայն» ՍՊԸ, «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալություն և այլն։