«Չարենցը անկախության բանաձևն է մեզ տվել, իսկ ապրել անկախ երկրում՝ չիմանալով այդ բանաձևը, հավասար է չապրելուն»
«Չարենցը անկախության բանաձևն է մեզ տվել, իսկ ապրել անկախ երկրում՝ չիմանալով այդ բանաձևը, հավասար է չապրելուն»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով մասնակցում էր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115-րդ տարեդարձի առիթով նրա անունը կրող տուն-թանգարանի մոտից մեկնարկած քայլերթին:
Գ.Սողոմոնյանի խոսքերով՝ դպրոցական տարիքից երեխաներին բացատրում են, որ նրանք հպարտանալու իրավունք ունեն, քանի որ ունեն հանճարեղ պոետ, նրանք Չարենցի հետնորդներն են, ապրում են Չարենցի հայրենիքում: «Չարենցյան ոգով ենք դաստիարակում մեր զավակներին, այս երկրի վաղվա տերերին: Իսկ երկրի տերը պետք է գիտակցի, թե ինչ երկրում է ապրում, և որն է այդ երկրի արժանիքն ու այդ երկրի քաղաքացին լինելու պատիվը»,- ասաց նա:
Գ.Սողոմոնյանը հպարտությամբ նշեց, որ ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, այլև երիտասարդներն ու դպրոցականները հիանալի գիտեն Չարենցի պոեզիան, և ինչպես Վիլյամ Սարոյանն էր ասում՝ «աղոթքի պես արտասանում են «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որը բոլորի համար կարծես թե պատգամ լինի և չկա մեկը, որ այդ բանաստեղծությունը չիմանա»:
«Ես, դու, նա, բոլորս ապրում ենք Չարենցով, չարենցյան ոգով, բոլորս շաղախված ենք չարենցյան պոզիայով: Եթե փողոցում քայլող պատահական անցորդներին հարցնես, ապա գոնե չորս տող նրանք Չարենցից կարտասանեն»,- ասաց Գ.Սողոմոնյանը:
Նշենք, որ 115 գանգրահեր տղաներ քայլերթով շարժվեցին դեպի Չարենցի հուշահամալիր, սկսվեց պոեզիայի տոնը, ասմունքեցին մտավորականները, ուսանողները, ուսուցիչներն ու աշակերտները:
Երևանի թիվ 136 դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գրետա Թունյանի խոսքերով՝ Չարենցն այսօր հասանելի է դպրոցահասակներին և ափսոսանքով նշեց, որ ուսանողական տարիներին միայն Չարենցի հեղափոխական գործունեության էին ծանոթանում, մինչդեռ այսօր «Տաղարան»-ից սկսած երեխաները ծանոթանում են Չարենցի ստեղծագործությանը, և ոչ թե սիրում են Չարենցին, այլև՝ սիրահարվում: «Մենք Չարենցին պաշտամունքի ենք հասցրել: Չարենցը համակ հայրենասիրություն է, հայություն է, ազնվական երիտասարդ դառնալու համար գեղեցիկ ուղենիշ է: Յուրաքնաչյուր հայ պատանի պետք է Չարենց սիրի, նրա բանաստեղծությունները կարդա և Չարենցի պես մտածի»,- ասաց Գրետա Թունյանը:
Դպրոցի տնօրենը հպարտությամբ նշեց, որ իր չարենցապաշտությունն այնքան մեծ է եղել, որ այսօր նաև իր թոռնիկն է ծնվել: «Երջանիկ տատիկ եմ, որ թոռնիկս Չարենցի ծննդյան օրն է ծնվել: Դա գեղեցիկ զուգադիպություն է»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում