115 գանգրահեր տղաների քայլերթով տրվելու է չարենցյան տարվա մեկնարկը
«Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է»,- տաղնադավոր բանաստեղծ Պարույր Սևակն ասել է մեկ այլ տաղանդի՝ Եղիշե Չարենցի մասին:
Այսօր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115-րդ տարեդարձի առիթով ժամը 11:00-ին տուն-թանգարանի մոտից 115 գանգրահեր տղաներ քայլերթով շարժվելու են դեպի նրա հուշահամալիր, որտեղ սկսվելու է պոեզիայի տոնը, ասմունքելու են մտավորականներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ: Այնուհետև միջացառումը շարունակվելու է տուն-թանգարանում:
Այսօր տրվելու է նաև չարենցյան տարվա մեկնարկը: Նշենք, որ այս տարի լրանում է նաև Ե. Չարենցի ստեղծագործական գործունեության 100-ամյակը, մահվան՝ 75-ամյակը:
Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված են չարենցյան ընթերցումներ դպրոցներում ու բուհերում, տուն-թանգարանում, որին մասնակցելու են աշակերտներ, թանգարանի գիտանձնակազմ, չարենցագետներ: Նախատեսված են նաև հայաստանյան դպրոցներում կազմակերպել չարենցյան թեմաներով շարադրությունների մրցույթ, չարենցյան օրերի անցկացում նաև Արցախում: Տարվա ընթացքում կազմակերպելու են նաև թեմատիկ ցուցահանդեսներ: Տուն-թանգարանում կազմակերպվելու է Չարենցի դիմանկարների ցուցահանդես: Նախատեսված են նաև գրքերի շնորհանդեսներ: Միջոցառումների ավարտը նախատեսված է նոյեմբերի 27-ին` Եղիշե Չարենցի մահվան օրը:
1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում է ծնվել Եղիշե Սողոմոնյանը` Եղիշե Չարենցը: Սովորել է Կարսի ռեալական դպրոցում: 1916թ. նա միանում է հայ կամավորական շարժմանը և մեկնում ռազմաճակատ: Թուրքիայի դեմ կռվող ռուսական բանակի զինվորների և հայ կամավորների հետ Չարենցը լինում է Արևմտյան Հայաստանում, տեսնում է ցեղասպանության սարսափելի հետքերը և դրանց մասին պատմում «Դանթեական առասպել» պոեմում: Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկն էր նրա ամբողջ կյանքում. նրա լավագույն գործերից շատերը` «Մահվան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Հայաստանի...» (1921) և այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, «Երկիր Նաիրի» վեպը, նվիրված են հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին:
Խորհրդային տարիներին Չարենցը գրում է բազմաթիվ նոր գործեր` պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից առավել հայտնիներից են «Խմբապետ Շավարշը» պոեմը, «Գանգրահեր տղան» չափածո նովելը և ուրիշ գործեր, նաև «Գիրք ճանապարհի» ժողովածուն, որը նվիրված էին հայոց պատմությանը, ներկայի ու ապագայի մարդկանց: Խորհրդային տարիները շատ դժվարին տարիներ էին մեր մտավորականության և ընդհանրապես ամբողջ ժողովրդի համար: 1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ: Հետագայում Չարենցին, ինչպես և ուրիշ շատերի, արդարացնում են:
Նախորդող նորություն՝ Եղիշե Չարենց-115. Չարենցյան շունչ` ողջ տարվա ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա