«Հուսո առագաստ» հիմնադրամի տնօրեն. «Նոր խորհրդարանում թող ավելի շատ մտավորական լինի»
Նախկին կալանավորները պատրաստ են խորհրդարանական ընտրություններին աջակցել այն քաղաքական ուժին, ով Ազգային Ժողովում կբարձրացնի նրանց սոցիալական խնդիրները և օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն կտա աշխատանքի ընդունվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց կալանավայրերից ազատվածների ընտանիքներին աջակցող «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գևորգ Խոսշիկյանը: Նրա խոսքով, այսօր Հայաստանում կա այդպիսի շուրջ 1000 ընտանիք, որոնք սոցիալական ծանր պայմաններում են, քանի որ դատված լինելու պատճառով տղամարդիկ չեն կարող աշխատանքի ընդունվել:
«Մենք նույնիսկ դիմել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` խնդրելով տրամադրել մեզ կարի և գուլպա գործելու մեքենաներ: Մեզ պատասխանել են, որ դոնորների կողմից տրամադրումից հետո այս մեքենաները մեզ կտրվեն», - ասաց նա: Բանախոսը նաև շնորհակալությամբ տեղեկացրեց, որ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի և թիվ 8 հիվանդանոցի տնօրինությունը մի քանի անգամ ըմբռնումով է մոտեցել այս մարդկանց խնդրին և աջակցել նրանց ընտանիքների անդամներին բուժելու հարցում:
Գևորգ Խոսշիկյանը նաև տեղեկացրեց, որ կալանավորներին տարբեր հարցերով աջակցել են Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչները, մասնավորապես` երեխաների կրթության և խնամքի հետ կապված հարցում` ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, նախկին կալանավորների իրավունքների պաշտպանության հարցերում` պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Խոսելով գալիք ընտրությունների մասին` հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ դրանք կլինեն թափանցիկ և արդար, որպեսզի «պարտություն կրած քաղաքական ուժը կարողանա շնորհավորել հաղթողին»: Նա նաև կարևորեց, որ նոր խորհրդարանում ավելի շատ մտավորական լինի: