Սեփական դեմքը փրկելու ՀԱԿ-ի միակ հնարավորությունն ընտրությունները բոյկոտե՞լն է
Անդրադառնալով այն փաստին, որ ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող18 կուսակցություններից 4-ը լքել են Կոնգրեսը և չեն մասնակցելու ընտրություններին` «Голос Армении»-ն արձանագրում է, որ Կոնգրեսի «նավակը ճաքել է»: «Իրականում ընտրացուցակի շուրջ ստեղծված հակասություններն այս 4 կուսակցությունների համար ընդամենը պատճառ էին` լքելու ՀԱԿ-ը, վերջիններիս համար ամենևին էլ նորություն չէր այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը միշտ էլ առաջնորդվել է ՀՀՇ-ի իր շրջապատի կարծիքով` անտեսելով ՀԱԿ-ի կազմում եղած մյուս կուսակցությունների կարծիքը»,-գրում է թերթը` նշելով, որ այս կուսակցությունների հեռանալու իրական պատճառն այն է, որ մարտի 1-ի հանրահավաքից հետո, որի մասնակիցների թիվը չէր անցնում 4 հազարից, պարզ դարձավ, որ Կոնգրեսը քաղաքական պարտություն է կրել:
«ГА»-ի տեղեկություններով` ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, թե Տեր-Պետրոսյանի մտերիմները խորհուրդ են տալիս վերջինիս խայտառակ չլինելու համար պարզապես բոյկոտել խորհրդարանական ընտրությունները` հայտարարելով, թե դրանք նախապես անցկացվելու են ոչ հավասար պայմաններում, սակայն ՀԱԿ-ում կան և այնպիսի գործիչներ, որոնք ոչ մի կերպ չեն համաձայնում հրաժարվել պատգամավորական մանդատ ունենալու հնարավորությունից: Ըստ թերթի` ՀԱԿ-ի ներսում տիրող ճգնաժամը Կոնգրեսի կողմից գաղափարի փոխարեն փայփայած արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական բլեֆի արդյունքն է` բլեֆ, որն արդեն «պայթել» է: