«Ժառանգություն»-ը փոխադարձ այցելությամբ անպայման կմասնակցի ԲՀԿ համագումարին
«Ժառանգությունը», ինչպես և Ազգային Ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունները հրավիրված է շաբաթ օրը կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին: Panorama.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իրենք անպայման մասնակցելու են, քանի որ ԲՀԿ ներկայացուցիչներն էլ իրենց մասնակցությամբ պատվել էին «Ժառանգության» անցած համագումարը: Այնպես որ` փոխադարձ այցելությունը կլինի անպայման:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ե՞րբ է կուսակցությունը պատրաստվում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, առավել ևս, որ ժառանգականներից նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվողներ էլ են լինելու, Ս.Սաֆարյանն արձագանքեց.
«Մեծամասնական ընտրակարգով առաջադրումների պահը «Ժառանգությունը» չի բացառել, բայց բոլոր որոշումները ընդունվելու են մարտի 18-ին: Քանի դեռ չի եկել այդ օրը և բազմաթիվ հարցեր լուծումներ չեն ստացել, մենք չենք կարող հնչեցնել տեղեկատվություն` մասնակցության ամենատարբեր ձևերի մասին, քանի որ դա չի լինի հավաստի»:
Հետևաբար, հավելեց նա, փաստաթղթերն էլ ԿԸՀ, ըստ ամենայնի, կներկայացվեն հենց մարտի 18-ից հետո: Այս պահին միանշանակ է միայն այն, որ «Ժառանգությունը» մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին
Հիշեցնենք, վերջնաժամկետը մարտի 22-ի ժամը 18-ն է: