«Քաղաքացիական անկախ և արդար դատարան»` Մաշտոցի պուրակում. Պատասխանատող կողմը` քաղաքապետարանը, ներկա չէր
«Մենք գործ ունենք պաշտոնական դիրքի չարաշահման հետ, որը տանում է դեպի մի քանի անձանց նեղ շահերը պաշտպանելու ու մասնավոր շահերը երևանցիների հանրային շահին ստորադասելու ուղղությամբ: Պահանջում եմ անվավեր ճանաչել այդ որոշումները, գտնել պատասխանատուներին ու պատժել, վերականգնել հանրային կանաչ տարածքը, ինչպես հարկն է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով»,- Մաշտոցի պուրակում Քաղաքացիական անկախ և արդար դատարանի դատական նիստի ժամանակ հայտարարեց Աբովյան փողոցից ամապոնտաժված կրպակների` Մաշտոցի պուրակում տեղադրմանը դեմ ակտիվիստներից ` համահայցվոր Վահրամ Սողոմոնյանը:
Նշենք, որ ակտիվիստների նախաձեռնությամբ հրավիրված դատական նիստին` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժման պահանջի մասին, ներկա չէր պատասխանող կողմը` քաղաքապետարանը, թեև, ըստ պատասխանատուների, պատշաճ կարգով ծանուցվել էր նրանց այդ մասին:
Դատական նիստի ժամանակ հայցվոր ակտիվիստները ներկայացրեցին իրենց փաստարկներ, որ այդ կրպակների տեղադրումը տվյալ վայրում կատարվում է անօրինական` Մաշտոցի պուրակում իրականացվող կառուցապատումը անօրինական է և հակասում է այդ վայրի` հանրային այգու, նպատակային նշանակությանը: Շինարարությունն իրականացվում է առանց հաշվի առնելու հանրային տարածքի սեփականատերերի` հասարակության կարծիքը, չնայած օրենքը պահանջում է այդ բնույթի աշխատանքներ իրականացնելուց առաջ անցկացնել հասարակական լսումներ և հաշվի առնել հանրության կարծիքը: Այս գործընթացի արդյունքում հերթական անգամ կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ, Օրհուսի կոնվենցիայով և մի շարք այլ իրավական ակտերով սահմանված մարդու հիմնարար իրավունքները: Հայցվորներին լսելուց հետո «երդվյալ ատենակալների դատարանը» հայտարարեց, որ ժյուրիի ու քաղաքացիների որոշման հիման վրա կազմված եզրակացությունը` այդ կրպակների ճակատագրի վերաբերյալ, կայացվելու է մարտի 16-ին: «Մարտի 15-ին կայանալու է կառավարության նիստ: Ակնկալում ենք, որ այս խնդրին անդրադարձ կկատարվի, իսկ եթե որևէ կերպ չարձագանքեն, մենք մեր որոշման մասին կբարձրաձայնենք` հրապարակելով վճիռը ու թող հանրությունը որոշի` ինչպես վարվենք կրպակների ու այգու բարեկարգման հետ»,- ասաց նիստը «նախագահող» իրավաբան, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը` ընդգծելով, որ եթե իրենց պահանջը չկատարվի, ստիպված կլինեն իրենք ապամոնտաժել` պաշտպանելով իրենց հանրային իրավունքը: Նա նաև տեղեկացրեց, որ մինչև մարտի 16-ը ակտիվիստները հայտարարեցին 24-ժամյա նստացույցի մասին:
«Մեզ հնարավորություն չեն ընձեռում մեր իրավունքները պաշտպանել դատական կարգով: Դատարանը մերժում է վարույթ ընդունել հանրային իրավունքների պաշտպանության հետ կապված հայցերը, օրինակ Թեղուտի, Ուսանողական այգու գործով էլ այդպես էր: Խնդիր ունենք մեր իրավունքները որևէ կերպ պաշտպանել: Ինչպե՞ս պաշտպանենք, եթե չինովնիկները հաշի չեն առնում մեր կարծիքը, մասնակից չեն դարձնում հանրությանը հետաքրքրող որոշումների կայացման գործընթացին, դատարանն էլ թույլ չի տալիս, որ չինովնիկի անօրինական որոշումը բողոքարկենք դատական կարգով: Ինչպե՞ս պաշտպանենք մեր իրավունքները»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նա նաև դատական նիստի ներկաներին հայտարարեց «ուրախալի» մի լուր. «Նախագահին պահանջ էինք ներկայացրել չստորագրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրինագիծը, որը վավերացրել էր Ազգային ժողովն ու ուղարկել նախագահական: Նախագահն այն չի ստորագրել ու վերադարձվել է Ազգային ժողով: Սա բացառիկ դեպք է, քանի որ անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում 3-4 դեպք է եղել, որ նախագահը չի ստորագրել ու հետ է ուղարկել: Մենք ունենք հստակ հաջողություն»:
Նշենք նաև, որ դատական նիստին հետևում էին տասնյակ ոստիկաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում