Փլուզում Մոզրովի քարանձավում. Մասնագետները չեն կարողանում հասնել համապատասխան տարածք
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Մոզրովի քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Սակայն դեռևս համապատասխան մասնագետներին չի հաջողվել հասնել այդ տարածք: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։ Նրա խոսքով, իրենց մասնագետները փորձում են մոտենալ այդ տարածք, սակայն բավականին դժվար է: «Այժմ նրանք փորձում են գտնել համապատասխան տրանսպորտ, որ կարողանան հասնել քարանձավի փլված հատվածը, որպեսզի պարզեն` թե ինչ վիճակ է այնտեղ»,- ասաց նա: Ս. Մուսոյանը չկարողացավ ասել, թե կրկին փլուզման վտանգ կա, թե ոչ:
Ըստ նրա, գործակալության տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն իրենց փոխանցել են, որ տարածքում սողանք է եղել` եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով: «Եղանակը կբացվի, համապատասխան մասնագետներ պետք է ուղարկենք քարանձավի տարածք` ուսումնասիրություններ կատարելու»,- ընդգծեց գործակալության պետի տեղակալը:
Նշենք, որ Վայոց ձորի գնիշիկի գյուղապետից արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Մոզրովի» քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Քարանձավում, առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50-70 խմ հողազանգված, մասնակի փակելով երկրորդ մուտքը: Զոհեր եվ տուժածներ չկան:
Երիտասարդ անձավագետների միության նախագահ Սարգիս Հովհաննիսյանը նույնպես ահազանգել է քանաձնավում տեղի ունեցած փլուզման մասին:
«Թե Երիտասարդ անձավագետների միությունը, թե Հայաստանի քարանձավագիտության կենտրոնը, թե բազմաթիվ մտահոգ անհատներ բազմիցս հնչեցրել են իրենց մտահոգությունները` կապված Հայաստանի քարանձավների պահպանման հանդեպ պատշաճ ուշադրության բացակայության հետ: Եկել է անտարբերության պտուղները քաղելու ժամանակը` փլվել է Մոզրովի քարանձավի մուտքի հատվածը: Պետական հոգածության բացակայությունը այսօր սրիկայաբար փորձում են կոծկել մշակույթի նախարարության պաշտոնյաները` հայտարարելով, թե Մոզրովի քարանձավում «նոր փլուզումներ չկան», սակայն հաջորդ նախադասությունում իսկ մատնում են իրենք իրենց, ասելով, թե «այդ փլուզումները բնական բնույթ են կրում»` մոռանալով ժամանակակից քարանձավապահպանման մեթոդների գոյության և այդ հարցի հանդեպ սեփական բացարձակ անտարբերության մասին:Այսօր վտանգված են մնում նաև Արջերի և Մագելի քարանձավները: Թող Մոզրովի հետ կատարվածը դաս լինի բոլորիս համար»,- նշված է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
Մոզրովի քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքի մոտ, Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում: Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ 30 տարի առա: Քարանձավը խորանում է ավելի քան 300մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր և պտկաքարեր: Ընդհնարապես, Մոզրովի քարանձավը հարուստ է բնական կազմավորումներով: Այն պարունակում է սպելեոթեմների /քարանձավային կրաքարի կազմավորումներ/ լայն տեսականի, ինչպիսիք են ստալացիտները, հելիցիտները, սյուները, հոսանքային քարերը, քարանձավային բեկոնը և եզրաքարային ամբարտակները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին