Քիթ սիրունացնելը անվճար բուժօգնության մեկամսյակի շրջանակում չի կատարվի
Մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակ: Ինչպես բացատրեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, Երևանի գրանցում ունեցող կանայք նախ պետք է այցելեն այն պոլիկլինիական, որտեղ գրանցված են:
«Անցնելով անվճար հետազոտություններ, եթե պարզվի, որ բուժօգնության կարիք կա, այնտեղից անմիջապես ուղեգրում են համապատասխան բուժհաստատություն, որտեղ էլ անվճար հիմունքով պետք է իրականացնվի բուժօգնություն»,-ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:
Այս տարի ընդլայնվել է ակցիայի շրջանակում ընդգրկված բուժհաստատությունների թիվը` Սուրբ Աստվածամայր, Գրիգոր Նարեկացի, Քանաքեռ-Զեյթուն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Թիվ 2 բուժմիավորում, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ, Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին և 2-րդ կլինիկական հիվանդանոցներ:
«Անվճար ծառայությունների մեջ չեն մտնում պլաստիկ, սրտանոթային, անոթային վիրահատությունները, ստոմատոլոգիական ծառայությունները, նեյրովիրաբուժությունը: Անվճար բուժօգնության շրջանակում ներառված չեն նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները` կոմպյուտերային տոմոգրաֆիա և այլն: Ակցիան հիմնականում սոցիալական ուղղվածության է»,-բացատրեց Ա. Գևորգյանը:
Միաժամանակ վարչության պետը ընդգծեց, որ մաղարիչի կամ ինչ-ինչ գումարներ կանանցից վերցնելու դեպքերը բացառելու համար քաղաքապետարանի առողջապահության, վերահսկողության, հասարակայնության հետ կապերի վարչություններն ամենօրյա վերահսկողություն են իրականացնելու: «Մենք պարբերաբար այցելելու ենք թե պոլիկլինիկաներ, թե հիվանդանոցներ, տեղում մարդկանց հետ զրուցելու ենք»,-ասաց մեր զրուցակիցը:
Այս տարի ծառայություններից օգտվողների թվի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան, սակայն Ա. Գևորգյանն ասաց, որ նախարդ տարի ակցիայի շրջանակում մոտ 95 կին է վիրահատվել, մի քանի տասնյակ կին խորհրդատվություն է ստացել բժշկից: Կատարված վիրահատությունների ընդհանուր արժեքը գերազանցել է 24 մլն դրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա