Բաքվում արհամարհել են «Ազատություն» ռադիոկայանի նախագահին
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանների կորպորացիայի նախագահ Սթիվեն Կոռնին Ադրբեջանում անհարգալից վերաբերմունքի են արժանացրել: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովայի գործունեության հետ կապված նրա դեմ հետապնդում սկսվելու և սպառնալիքներ տեղալու կապակցությամբ մարտի 12-ին Բաքու ժամանած Կոռնը ռադիոկայանի աշխատակիցների հետ հանդիպելուց հետո հանդիպել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների, ակտիվիստների և բլոգերների հետ: Այս մասին նշված է «Ազատություն»ռ/կ-ի ադրբեջանական ծառայության կայքում:
Թեև նա ծրագրել էր հանդիպել նաև Ադրբեջանի հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Նուշիրվան Մեհեռեմլիի հետ ևս, սակայն, հանդիպումը չի կայացել: «Մենք հանդիպում էինք ծրագրել նաև հեռուստառադիոյի խորհրդի հետ: Հանդիպումից կարճ ժամանակ առաջ մեզ հայտնեցին, որ նրանք զբաղված են և ավելի կարևոր գործեր ունեն: Դա շատ ցավալի է, քանի որ հանդիպման ժամանակ պետք է քննարկվեր ռադիոկայանի` FM ալիքով հեռարձակումը վերականգնելու հարցը»:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանցի ունկնդիրների հարցերի պատասխաններում Կոռնն ասել է, որ ինքը չի հասկանում, թե ինչու են Ադրբեջանում FM տիրույթի ունկնդիրների ձեռքից խլում «Ազատություն» ռադիոկայանի նման ցանկալի տեղեկատվական կառույցին:
Խադիջա Իսմայիլովան լրագրողական հետաքննության միջոցով բացահայտել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օֆշորային բիզնեսի մանրամասները: Սթիվեն Կորնը «Ազատություն» ռադիոկայանի նախագահ է նշանակվել 2011 թ. հունիսին: