Սաֆար Աբիևն Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը խոստացել է, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ժամանել էր Թեհրան: Իրանցի իր պաշտոնակցի` Ահմադ Վահիդիի, հետ հանդիպման ժամանակ Աբիևը, նշել է, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ իր տարածքը որևէ երկիր օգտագործի Իրանի դեմ: Նրա խոսքով` Ադրբեջանը տարածաշրջանում ուժեղ դիրք զբաղեցնող Իրանի կարիքն ունի և հավատարիմ է վերջինիս հետ պահպանելու բարիդրացիական հարաբերությունները:
Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իրանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով վերջերս Ադրբեջանի և Իսրայելի միջև ստորագրված սպառազինության ձեռք բերման մասին պայմանագրին, պատասխանել է, որ Աբիևի հետ հանդիպման ժամանակ վերջինս պարզաբանել է, որ սպառազինության ծավալն այն չափի չի եղել, ինչ մասին հայտարարվել է և, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև վերոնշյալ գործարքի մասին համաձայնությունն ավելի վաղ է ձեռք բերվել: (Վերջերս տեղեկատվություն հրապարկվեց, թե Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելից 1.6 միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերել ):
Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառազինության ձեռք բերման փաստը պատճառաբանել է այն հանգամանքով, թե իբր Ադրբեջանը պետք է իր բանակը վերազինի, և այդ նպատակով էլ ստիպված է ռազմական տեխնիկա գնել, որոնք գտնվում են Ադրբեջանի բանակի տրամադրության տակ և ոչ մի դեպքում չեն օգտագործվի Իրանի դեմ:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցին, պատասխանել է, որ տարածաշրջանում անկայունություն և անհանգստություն չպետք է տիրի, և հույս է հայտնել, որ այդ հիմնախնդիրը շուտ կհանգուցալուծվի:
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Աբիևի հետ հանդիպման ժամանակ, ակնարկելով Ադրբեջանի տարածքից Իրանին սպառնացող վտանգների մասին, հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Իրանի դեմ որևէ գործողություն չի իրականացվի:
Ի պատասխան Ահմադինեժադի մտահոգություններին` Սաֆար Աբիևն էլ խոստացել է, որ Ադրբեջանի օդային և ցամաքային տարածքը երբեք, ոչ մի հանգամանքում չի օգտագործվի Իրանի դեմ:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանդիպման առանցքային թեման ևս եղել է Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքի վերաբերյալ հարցը:
Դատելով այցի ընթացքում կողմերի հնչեցրած հիմնական շեշտադրումներից` կարելի է եզրակացնել, որ Թեհրանում Աբիևի հյուրընկալման հիմնական նպատակն այն էր, որպեսզի իրանական կողմը իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության ուղղվածության վերաբերյալ հստակ պարզաբանումներ ստանար: Այցի ընթացքում երկկողմ ծրագրերի առնչությամբ որևէ հստակ հայտարարություններ չհնչեցին, կողմերը սահմանափակվեցին միայն արարողակարգային հայտարարություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները