«Եթե պահանջարկը բարձրանում է, չի նշանակում, որ պետք է գներն էլ բարձրացնենք».Հայաստանը պատրաստ է ընդունել Նովրուզի զբոսաշրջիկների
Այս տարի նույնպես մեծ թվով Իրանի քաղաքացիներ իրենց Ամանորը՝ Նովրուզը, կնշեն Հայաստանում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` հավելելով, որ 2011թ-ին 2010-ի համեմատ Նովրուզի օրերին 10%-ով ավելի Իրանի քաղաքացի է այցելել Հայաստան: Ակնկալվում է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով ավելի կլինի:
Սակայն Մ.Ապրեսյանը նշեց, որ պետք է հաշվի առնել այն, որ Իրանում տարադրամի փոխարժեքը բարձրացել է մոտ 80-90 տոկոսով, այսինքն` կրկնակի ինֆլյացիա այնտեղ կա, ինչը կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ զբոսաշրջային այցելությունների վրա: Այդուհանդերձ, ըստ վարչության պետի, չեն բացառում, որ այս տարի էլ Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 10 տոկոսով ավելի կլինի:
Մ.Ապրեսյանի խոսքերով՝ վերջին մեկ տարվա ընթացքում բավականին նոր հյուրանոցներ են բացվել և դեռ պետք է բացվեն, ինչը նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է միաժամանակ այդքան շատ զբոսաշրջիկներ ընդունել: «Տարեցտարի Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելանում է: Դրա համար պետք է պատրաստ լինենք, որպեսզի զբոսաշրջիկները գոհ հեռանան Հայաստանից, ցանկություն ունենան էլի գալ մեր երկիր և իրենց ծանոթներին, բարեկամներին նույնպես խորհուրդ տան իրեն հանգիստն անցկացնեն Հայաստանում: Պետք է կարողանանք այնպիսի ծառայություններ մատուցել, այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ հոսքերը ավելանան»,- ասաց Մ.Ապրեսյանը:
Նրա փոխանցմամբ՝ զբոսաշրջային օպերատորների հետ նախարարությունում քննարկում է կազմակերպվել, որի նպատակն էր վեր հանել նախորդ տարիներին եղած խնդիրները: Ըստ նրա՝ արդյունքում որոշակի քայլեր ձեռնարկել են, որոշ քայլեր էլ ընթացքի մեջ են: Մասնավորապես, խնդիրներից մեկը վերաբերում էր ինչպես հյուրանոցների, այնպես էլ որոշ ծառայությունների գների բարձրացմանը:
«Եթե ուզում ենք մշտական հոսքեր ունենալ, ապա պետք է այնպես անել, որ զբոսաշրջիկները մեզանից գոհ հեռանան և եթե պահանջարկը բարձրանում է, դա չի նշանակում, որ պետք է գներն էլ բարձրացնենք և նրանց հուսախաբ անենք»,- նկատեց Մ.Ապրեսյանը:
Նշենք, որ Նովրուզի տոնը նշվում է մարտի 21-ից սկսած՝ շուրջ տասը օր: Աշխարհում շուրջ 300 մլն մարդ է գարնանը տոնում Նովրուզը։ Այս տոնն ունի մոտ երեք հազարամյակի պատմություն։ Իրանցիները նախընտրում են այդ տոնը նշել այլ երկրներում, քանի որ իրենց երկրում արգելվում է էստարդային երաժշտություն լսել և ալկոհոլ օգտագործել։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին