««Արաքս» թռչնաֆաբրիկան անպայման կտուգանվի». նորման գերազանցող նիտրիտների քանակություն` «Նրբերշիկ կաթնայինում»
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի պետական ծառայության կողմից փետրվարին «Արաքս» թռչնաֆաբրիկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյուքնում հայտնաբերվել են մի շարք խախատումներ: Մասնավորապես, 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նորման գերազանցող նիտրիտների քանակություն:
Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, ստուգման արդյունքում տարբեր ապրանքատեսակներ են նմուշառվել, մասնավորապես՝ նրբերշիկ, հավ, հավի թև, դոշ, կոտլետներ, պելմենիներ և այլն: Արդյունքում, հայտնաբերվել են թերի մակնշված ապրանքատեսակներ, որոնք էլ տարվել են լաբորատորիա փորձաքննության: «Այստեղ էլ «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է տվյալ խախտումը»,- ասաց Բ.Պիպոյանը:
Ըստ նրա՝ ծառայության կարգադրագրով նրբերշիկները պետք է հետ կանչվեն շուկայից և հանրությանը իրազեկեն այս մասին: Տնտեսվարողը, ըստ նրա, կատարել է իր գործը:
«Եթե ստուգում չիրականցնեինք «Արաքս» թռչնաֆաբրիկայում և միայն բողոքի դեպքում նմուշ ձեռք բերեինք, ապա այդ դեպքում կիրազեկվեր ծառայությունը, այլ ոչ թե ընկերությունը»,- նշեց ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Տեղեկացնենք, որ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ 2011թ. դեկտեմբերի 12-ին արտադրված «Նրբերշիկ կաթնային» ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերվել է նիտրիտների նորմայից ավելի քանակ, որը չի վտանգում մարդու առողջությանը:
«Ընկերությունը հորդորում է իր սպառողներին և այն վաճառակետերին, որտեղ կա տվյալ խմբաքանակից մնացորդ, վերադարձնել այն ք.Երևան, Շիրակի 43 հասցեով, կամ զանգահարել 46-44-98 հեռախոսահամարով: Ընկերությունը հայցում է իր սպառողների ներողամտությունը», - ասված է հայտարարության մեջ:
Հարցին, թե խոսքը գնում է դեկտեմբերի 12-ին արտադրված ապրանքախմբի մասին, ապա տարօրինակ չէ, որ երեք ամիս հետո է պարզ դառնում, որ դրա մեջ նիտրիտների քանակը գերազանցում է, հատկապես, որ պահպանման ժամկետներ գոյություն ունեն, Բ.Պիպոյանը նշեց, որ դեկտեմբերի 12-ին արտադրել և պահեստավորել են, միայն մի մասն է շուկա մտցվել: Նա նաև տեղեկացրեց, որ սննդային հավելումներով հնարավոր է մսամթերքի պահպանման ժամկետը երկարաձգել:
Անդրադառնալով ընկերության հայտարարությանը, թե ապրանքատեսակի բաղադրության մեջ հայտնաբերված նիտրիտների նորմայից ավելի քանակը չի վտանգում մարդու առողջությանը, Բ. Պիպոյանը նշեց, որ եթե մարդու առողջությանը չվտանգեր, ապա կարգադրագրով նրբերշիկները հետ չէին կանչվի շուկայից:
«Եթե հետ կանչ կա, միանշանակ, դա ինչ որ բան նշանակում է: Այն կոնցերոգեն է և խրոնիկ օգտագործման դեպքում տարբեր հիվանդություններ կարող են առաջանալ, իսկ փոքր քանակությամբ նիտրիտների գերազանցումը, այսինքն՝ մեկ անգամյա օգտագործման դեպքում քիչ ազդեցություն կունենա, բայց հնարավոր է, որ այդ դեպքում էլ ցածր իմունիտետ ունեցող մարդու ինքնազգացողությունը վատանա,փորլուծություն, շնչառական որոշակի խնդիրներ, մարսողության խանգարում, սրտխառնոց, բերանի շրջանում կապտուկներ առաջանան: Իսկ խրոնիկ օգտագործման դեպքում հետևանքները շատ ավելի վատ կլինեն՝ աղեստամոքսային հիվանդություններ և այլն»,- ասաց Բ.Պիպոյանը:
Նա նաև նշեց, որ ընկերությունն անպայման կտուգանվի. «Հիմա չեմ կարող գումարի չափն ասել, բայց ծառայության խնդիրը 300 հազար կամ առավելագույնը 500 հազար դրամի կիրառելը չի, քանի որ տնտեսական մեծ վնասներ նրանք արդեն կրում են»:
Բ. Պիպոյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի Սննդամթերքի պետական ծառայությունն առաջին հերթին ուսումնասիրություններ է իրականացնելու թռչնամթերքի շուկայում. ուսումնասիրություններ կանցկացվեն բոլոր թռչնաֆաբրիկաներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները