ՀՀԿ-ում հարգել են Ռուբեն Հայրապետյանի ցանկությունը
ՀՀԿ-ում հարգել են Ռուբեն Հայրապետյանի ցանկությունը, նա որպես պատգամավորության թեկնածու չի առաջադրվի: Երեկ ՀՀԿ-ն գործադիրի նիստում քննարկեց և որոշում կայացրեց թիվ 1 ընտրատարածքում առաջադրել ոչ թե Ռուբեն Հայրապետյանի, այլ մեկ այլ թեկնածու:
«Այո, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով ես չեմ առաջադրվի: Իմ բնակավայրում` Ավան համայնքում, մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի իմ կուսակիցը՝ Ավանի բնակիչ Էդիկ Գևորգյանը, ով նախորդ ընտրություներին եղել է իմ նախըտրական շտաբի պետը»,-panorama.am-ին ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Պարոն Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչի արդյունքում փոխվեց իր որոշումը: Հիշեցնենք, որ Panorama.am-ի հետ զրույցում նա նշել էր, որ առաջադրվելու է որպես պատգամավորության թեկնածու և իր որոշումը հստակ է:
«Ես հստակ հիշում եմ՝ երբ և ինչ եմ ասում: Ես ասացի, որ իմ կուսակցությունը որոշեց, որ ես պիտի առաջադրվեմ: Եվ ես մեծամասնականով կառաջադրեմ իմ թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը և նշեց, որ ինքը նախկինում էլ ցանկություն չուներ վերընտրվեր ու իր նախկին հայտարարությունը պայմանավորված էր կուսակցության որոշմամբ:
Նրա խոսքով` հետագայում ինքը հաստատել է իր ցանկությունը. «Քանի որ ֆուտբոլի ֆեդերացիայում զբաղվածությունս չէի կարողանում համատեղել քաղաքական գործունեության հետ, շատ հաճախ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կոմիտեների նիստերը համընկնում էին ԱԺ նիստերի հետ ու ես չէի կարողանում մասնակցել դրանց, ուստի ցանկություն հայտնեցի այլևս չվերընտրվել պատգամավոր: Կուսակցությունը հարգեց իմ որոշումը, և ինձ հանձնարարեց ավելի շատ զբաղվել ֆուտբոլի զարգացմամբ, սպորտի զարգացմամբ»:
Նախորդող նորությունը` Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը կառաջադրվեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները