Սաակաշվիլիի ադրբեջանական այցը և նախընտրական խաղարկումները
Ս.թ. մարտի 6-ից 7-ը Վրաստանի նախագահի ադրբեջանական այցը, թվում է, օտարերկրյա հերթական այցելությունների շարքից էր, սակայն այն տարբերվում է մի կարևոր հարգամանքով: Նախ նշենք, որ այցի ընթացքում Մ. Սաակաշվիլին մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցությանն առնչվող հարցեր, կնքվել է սպորտի և վիճակագրության բնագավառների շրջանակներում փոխգործակցության խորացմանն ուղղված երկու համաձայնագիր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել էներգետիկ բնագավառում համագործակցության ընդլայման շուրջ:
Անդրադառնանք, սակայն, վերը նշված կարևոր հանգամանքին, որն անմիջականորեն կապված է այս տարի Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ: Նշենք, որ Վրաստանի նախագահը նպատակ ունի ապահովելու ներկայիս ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Միավորված ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում: Այդ ճանապարհին Մ. Սաակաշվիլին ձգտում է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները «ՄԱՇ» կուսակցությանը կողմ ձայներ քաղելու համար: Հիշեցնենք, որ 2013 թ.-ին ուժի մեջ մտնող` 2010 թ.-ին Վրաստանի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն զգալիորեն նվազել են նախագահի լիազորությունները և ընդլայնվել խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրվող վարչապետի իրավասությունները: Այսպիսով, ապահովելով «ՄԱՇ» իշխող կուսակցության մեծամասնությունը խորհրդարանում, Սահակաշվիլին հնարավորություն է ստանում ստանձնելու Վրաստանի վարչապետի պաշտոնը` դրանով իսկ պահպանելով երկրի գլխավոր քաղաքական անձի կարգավիճակը:
Եվ, հետևաբար, Վրաստանի նախագահը, ադրբեջանական այցելությունը կարող է օգտագործել նախընտրական խաղարկման շրջանակներում: Նշենք, որ Վրաստանում բնակվող շուրջ 300 հազար ադրբեջանցիների համար կարևոր է ադրբեջանական կողմի կարծիքը, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանությունը, որն էական ազդեցություն ունի Վրաստանի ադրբեջանական համայնքի վրա: Ուստի Մ.Սաակաշվիլիի այցը և հատկապես նրա կողմից Ադրբեջանի ղեկավարությանը և ադրբեջանական ժողովրդին ուղղված, ինչպես նաև վրաց-ադրբեջանական բարեկամության մասին հնչեցված գովեստի խոսքերը ոչ այլ ինչ են, քան համակրանք շահելու գործիք:
Դժվար է ասել` արդյոք Մ.Սաակաշվիլիի կողմից կիրառվող այս մեթոդներն իրենց օգուտը կունենան, թե ոչ: Բանն այն է, որ վրաստանաբնակ ադրբեջանցիներին միայն խոսքերով շահելը դժվար է, քանի որ նրանք բազմիցս հանդես են եկել հակաիշխանական տրամադրություններով և պահանջատիրական գաղափարներով: Ադրբեջանցիները Վրաստանի իշխանություններից շարունակաբար պահանջում են վերականգնել Վրաստանի ադրբեջանաբնակ վայրերի ադրբեջանական անվանումները, իրենց համար դպրոցներ և մզկիթներ կառուցել և այլն: Վրաստանի ղեկավարությունը, սակայն, չի կատարում նրանց պահանջները:
Վերոնշյալի համատեքստում արդյո՞ք կարելի է ակնկալել Մ.Սաակաշվիլիի նման այցը Հայաստանի Հանրապետություն, քանզի ակնհայտ է, որ Վրաստանի ստվար հայկական համայնքը ևս մեծ դերակատարություն կարող է ունենալ գալիք ընտրությունների արդյունքների վրա: Սա նույնպես մտածելու տեղիք է տալիս վրացական իշխանություններին, որոնք շահագրգռված են համակրանքի տարրեր առաջացնել վրաստանաբնակ հայության շրջանում: Սակայն տարիներ շարունակ հայկական համայնքի խնդիրների լուծման հարցում էական առաջընթաց չի արձանագրվել: Բազմաթիվ հարցեր դեռևս մնում են չլուծված, շատ քիչ միջոցներ են ուղղվում մասնավորապես Ջավախահայությանը հուզող խնդիրների լուծմանը:
Այդուհանդերձ, անկախ այն բանից, թե ինչպես կզարգանան նախընտրական գործընթացները Վրաստանում և ինչ արդյունքներով դրանք կամփոփվեն, հուսանք, որ հետայսու այդ երկրի իշխանությունները ավելի մեծ ուշադրություն կդարձնեն հայկական համայնքին և մասնավորապես Ջավախահայությանը ու կյանքի կկոչեն խոստումները, որոնք բազմիցս հնչեցվել են իրենց կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում