Արտակ Շաբոյան. Եթե դուք փաստարկներ և ապացույցներ ներկայացնեք, մենք մեծ հաճույքով վարույթ կսկսենք Սամվել Ալեքսանյանի նկատմամբ
ՀՀ կառավարության նիստից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ նախօրեին հարուցված վարչական վարույթի արդյունքներին, որի համաձայն որոշվեց ընկերությանը տուգանել 100 մլն դրամի չափով:
Լրագրողները Ա.Շաբոյանից հետաքրքրվեցին, թե ինչու Հանձնաժողովը նույն ձևով չի պատժում գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, քանի որ վերջինս էլ նույն խախտումներն է անում, ինչ որ CPS-ն, մասնավորապես՝ «Երևան Սիթի»-ում շաքարավազը վաճառում է 425 դրամով, մինչդեռ մեծածախ վաճառքը 427 դրամ է մեկ կգ-ի համար:
Ըստ Շաբոյանի՝ CPS-ի հանդեպ վարչական վարույթ հարուցեցին, տուգանեցին, քանի որ բողոքներ կային անհատ ձեռներեցների կողմից, որոնք հիմնավոր փաստարկներ և ապացույցներ են ներկայացրել, ինչի արդյունքում էլ ՏՄՊՊՀ-ն վարույթ հարուցեց: «Եթե դուք ինվոյսներ ներկայացնեք, էդ փաստարկները և ապացույցները ներկայացնեք, մենք մեծ հաճույքով վարույթ կսկսենք այդ տնտեսվարողի նկատմամբ»,-ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ այս պահին վարույթ ունեն «Նատալի Ֆարմ» ընկերության հետ կապված: Նշենք, որ այս ընկերությունն էլ է պատկանում Ս.Ալեքսանյանին:
Հարցին, թե Հանձնաժողովը չի՞ կարող ինքնուրույն նախաձեռնել նման ուսումնասիրություն, Ա.Շաբոյանը մեկ անգամ ևս նշեց. «Եթե դուք բերեք էդ խանութների ինվոյսները, փաստարկները մենք դրա հիման վրա մեծ հաճույքով վարույթ կիրականացնենք»:
Իսկ այն դիտարկմանը, թե բոլորը գիտեն` մեծածախը այլ գին է, մանրածախը` այլ, Ա.Շաբոյանն ասաց, որ եթե իրենց նախաձեռնությամբ լինի, ապա շատ խնդիրներ կան, մինչդեռ իրենց ռեսուրսները սահմանափակ են:
Սակայն ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ այս պահի դրությամբ շաքարավազի ինվոյսային արժեքները համապատասխանում և համահունչ են միջազգային գներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին