«Արմենիա» օդանավակայանի նոր սակագները կգործեն ապրիլի 1-ից, եթե «Արմավիան» կատարի իր մուծումները
«Արմավիայի» հետ այսօր ստորագրված համաձայնագրում ոչ թե զեղչեր են ամրագրվել, այլ` նոր սակագներ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության իրավախորհդրատու Արմեն Տեր – Տաճատյանը: |
«Այսպես կոչված «զեղչը» կիրառելի չէ տվյալ պարագայում, բայց սահմանված սակագներն էականորեն նպաստավոր են «Արմավիայի» համար, բավարարում են «Արմավիայի» առաջարկներին, և այն ծրագրային մոտեցումներին, ինչ նրա կողմից ներկայացվեցին քննարկման ընթացքում: Այդ համաձայնագիրը նվեր չէ», - ասաց նա` հավելելով, որ այսօր առավոտյան համաձայնագիրը «չստորագրման եզրին էր»: Հիշեցնենք, որ այսօր «Զվարթնոց»-ը հայտարարել էր, որ «Արմավիա»-ն լքել է բանակցությունները:
Իրավաբանը հայտնեց, որ սակագները կսկսեն գործել ապրիլի 1-ից այն դեպքում, եթե մինչև մարտի 31-ը «Արմավիան» կատարի 5,3 միլիոն դոլարի հասնող պարտքի մարման առաջին փուլի վճարումները:
Անդրադառնալով այլ օդանավակայաններին և կազմակերպություններին «Արմավիայի» պարտքերին` ասուլիսին ներկա «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանն ասաց, որ «ավիափոխադրողի ֆինանսական վիճակը նրանք չեն նայել»: «Մենք խնդրել ենք, որ ընկերությունը մեզ ներկայացնի զարգացման իրատեսական ծրագիր, որի հիման վրա այս սակագները հաշվարկել ենք», - ասաց նա:
Արձագանքելով «Արմավիա» ընկերության ներկայացուցիչների հայտարարություններին, որ ավիափոխադրման տոմսերի գնի ինքնարժեքի մեծ մասը կախված է օդանավակայանի սպասարկման վարձից, Անդրանիկ Շխյանն ասաց, որ «ցանկացած օդանավակայանի, այդ թվում նաև`Հայաստանի օդանավակայանի սակագները կազմում են ընդհանուր ծախսային մասի 15 տոկոսը»:
«Այս սակագներն էական ազդեցություն գնագոյացման վրա չեն կարող ունենալ, քանի որ այդ ընկերության համախառն ծախսերի մեջ փոքր մասն են կազմում», - նշեց նա` հավելելով, որ խոսքը չի գնում վառելիքի հետ կապված ծախսերի մասին: «Վառելիքի հետ կապված` սահմանված է հատուկ գին, որը համաձայնեցված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ», -շեշտեց նա:
Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ներկայացուցիչները չհամաձայնվեցին «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի այն հայտարարության հետ, որ «Զվարթնոց» օդանավակայանի սակագները ավելի բարձր են , քան նույնիսկ եվրոպական երկրներում:
«Զվարթնոց» օդանավակայանը մրցում է նախևառաջ տարածաշրջանում իր հարևան օդանավակայանների հետ, և 2002 թվականին մեր սակագները նշանակելուց` մենք առաջնորդվել ենք այն սկզբունքից, որ դրանք պետք է մրցունակ լինեն տարածաշրջանի մեր հարևանների սակագներից», - ասաց նա և հավելեց. «Օդանավակայանները պետք է նմանը նմանի հետ համեմատել: Արժեքն անմիջականորեն կախված է տեղափոխող ուղևորի քանակից: Մեր բիզնես ծրագիրը նախատեսում է 3,5 միլիոն ուղևորի սպասարկում, բայց մենք այսօր ունենք դրա կեսը»:
Նախորդիվ`
«Զվարթնոց»-ն ու «Արմավիա»-ն կրկին համաձայնության եկան. Փոխադրողը եթե չկատարի պայամանավորվածությունը, «Զվարթնոց»-ը դատարան կդիմի
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին