Ա.Աշոտյան. Ունենք ձևավորված 12-ամյա կրթության համակարգ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն այսօր այցելել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը, բուժկետը և պահակակետը, իսկ առաջիկայում սպասվում է նոր պատուհանների տեղադրում և դասասենյակների վերանորոգում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ հասարակայության հետ կապերի վարչությունից, նախարար Արմեն Աշոտյանը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, այնուհետև վերանորոգված դահլիճում հանդիպում ունեցել ուսուցիչների և աշակերտների հետ: Անդրադառնալով հանրակրթաույան ոլորտի բարեփոխումներին՝ նա նշել է, որ ավագ դպրոցների կայացումը կրթական համակարգի գերակա խնդիրներից է.
«12-ամյա կրթության բարեփոխումը սկզբնական շրջանում դժվարություններով էր ընթանում, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ բարեփոխման մի քանի կարևոր փուլերը մենք արդեն անցել ենք` ունենք ձևավորված 12-ամյա կրթության համակարգ, ունենք ավագ դասարանների դասագրքեր և ծրագրեր: Միաժամանակ շարունակվում են ուսուցիչների վերապատրաստումները: Մեր նպատակն է՝ պահպանել ազգային դպրոցի ավանդույթները՝ համադրելով դրանք համաշխարհային կրթական մակարդակի հետ»,-նշել է նախարարը:
Ընդգծելով, որ ավագ դպրոց դառնալուց հետո, այստեղ աշակերտների թիվը եռապատկվել է, նախարարը շնորհակալություն է հայտնել "Բարեպաշտ սերունդ" հիմնադրամին` դպրոցին աջակցելու համար:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մ. Մկրտչյանը նշել է, որ դպրոցական տարիներին ձեռք բերված գիտելիքներն են լավ ապագայի հիմք ստեղծում. «Ձեզանից յուրաքանչյուրն ընդունակ է հետագայում սովորել բուհերում և որոշակի խնդիրներ լուծել: Համարձակ եղեք և կհասնեք դրան»,- նշել է նա:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև աշակերտների և մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են հիմնականում կրթության արժևորմանը, ավագ դպրոցների հասարակական գնահատականին և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան