Ծաղրածուների արքա Լեոնիդ Ենգիբարյան. «Ինձ համար կյանքում գլխավորն ամեն կատարվածի համար պատասխանատու լինելն է»
«Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: «Եթե մի այտդ ապտակում են, մյուսն էլ առաջարկիր» պատվիրանը համարում եմ սխալ: Սիրում եմ ծով, աշուն, Վինսենթ Վան Գոգին: Վախենում եմ… բարեկեցությունից: Ինձ համար կյանքում գլխավորն ամեն կատարվածի համար պատասխանատու լինելն է»,- գրում է Լեոնիդ Ենգիբարյանն իր «Ինքնակենսագրականում»:
1935 թվականի հենց այս օրը`մարտի 15-ին, Մոսկվայում ծնվել է «բոլոր ժամանակների ծաղրածուն»՝ Լեոնիդ Ենգիբարյանը: 1959թ ավարտել է Մոսկվայի կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը: 1964թ. Պրագայում կայացած ծաղրածուների մրցույթում ճանաչվել է հաղթող: 1971թ. հիմնել է «Մնջախաղի» էստրադային թատրոնը: Ենգիբարյանի մանրապատումների շարքից են` «Փողոցային ակրոբատ», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Քայլեր», «Մանկական կյանք», «Հովանոց», «Լույս ու ստվեր», «Օլիմպիական մեդալներ», «Ողջն ու մեռածը», «Տոտալ զորահավաք», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Ջութակ» և այլն: Իր ուժերը փորձել է նաև կինոյում: Խաղացել է «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» և այլ ֆիլմերում: 1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան):
Աշխարհաճանաչ ծաղրածուն շատ կարճ կյանք է ունեցել. նա հրաժեշտ է տվել իր կյանքին, երբ ընդամենը 37 տարեկան էր: Մեծ դերասանի մահը շատերի համար է մնացել առեղծված: Իր խաղընկեր Ալբերտ Մինասյանը հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. «առավոտյան մայրը մտնում է որդու սենյակը` արթնացնելու…»:
Չնայած երիտասարդ էր, նա հասցրել էր մեծ ճանաչում ձեռք բերել աշխարհում: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը: Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ: Նա ծաղրածուական արվեստ բերել է նոր մտածելակերպ:
«...Ենգիբարովն առանց որևէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո ու ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության և ունայնության մասին: Եվ այս բոլորը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր»,-Լ. Ենգիբարյանի մասին ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Յուրի Նիկուլինը:
Այսօր Մնջախաղի թատրոնում նշվելու է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին