Ռուբեն Հայրապետյանը օրենսդիրում լինելու փոխարեն նոր բիզնեսներ կձեռնարկի
Ռուբեն Հայրապետյանը օրենսդիրի փոխարեն կզբաղվի ՀՖՖ-ի աշխատանքներով ու նոր բիզնես կձեռնարկի: ԱԺ պատգամավորն այս մասին այսօր հայտարարեց մամուլի ասուլիսում՝ մասնավորեցնելով, թե սեպտեմբերից կզբաղվի տրիկոտաժի արտադրությամբ:
Լրագրողների հարցին, թե՝ արդյոք մինչև հիմա ՀՖՖ նախագահը զբաղված չէ՞ր, որ շարունակում էր լինել օրենսդիրում (հայտարարել է, որ հրաժարվում է օրենսդիրի ընտրություններին մասնակցել զբաղվածության պատճառով), Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ես կատարում եմ Ձեր բոլորի ցանկությունը, բոլորդ շատ էիք ուզում, որ ես պատգամավոր չլինեմ, չեմ լինի, էլ ի՞նչ եք ուզում, հրաժարվում եմ: Իհարկե զբաղված էի, բայց էն ժամանակ ամեն մի տեղից հելնող, արժող-չարժող, ամեն մի դուրսպրծուկ ինձ ասում էր, ինչո՞ւ ես նիստերից բացակայում, մեղադրում էին ինձ՝ առանց հասկանալու, որ Ֆուտբոլն ու օրնսդիրի աշխատանքը համատեղելի չեն:UEFA-ի և FIFA-ի կոմիտեների նիստերը շատ հաճախ համընկնում են ԱԺ նիստերի հետ: Այդ իսկ պատճառով էլ ես չեմ լինի խորհրդարանում, որպեսզի ավելի շատ կարողանամ աշխատել ՀՖՖ-ում, դա իմ որոշումն է, ինչը ընդունեց նաև իմ կուսակցությունը»:
Ռ. Հայրապետյանը նաև հայտարարեց, որ թեև չի լինի օրենսդիրում, բայց նա կլինի կուսակցությունում և ինչպես ընտրություններին, այնպես էլ դրանից հետո իր լծակներն ու հնարավորություները կծառայեցնի կուսակցությանը: Հարցրին, արդյոք հաջորդ խորհրդարանում չլինելը, մանդատ չունենալը զերծ կպահի Ռուբեն Հայրապետյանին օլիգարխ կոչվելուց, նա նշեց, որ իրեն ոչ բիզնեսմեն է համարում և ոչ էլ օլիգարխ: Ինքն իրեն համարում է քաղաքական գործիչ, իսկ օլիգարխ լինելու համար նախ` պետք էր քաղաքական և վարչական լծակները ծառայեցնել բիզնեսին, ինչն իր խոսքով չի եղել իր ոչ մի սեփականության առումով:
Ռուբեն Հայրապետյանի խորհրդարան չգնալու համար ամենից շատ սրտնեղել է Սամվել Ալեքսանյանը, ով այդ մասին հայտնել էր մամուլին: Լրագրողների այն հարցին, թե՝ հնարավոր է Սամվել Ալեքսանյանը համոզի, որ Ռուբեն Հայրապետյանը հետ կանգնի իր որոշումից, նա ասաց. «Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ մարդու, որին կարող են ստիպել, իմ ընկերը կարող ինձ համոզել, միակ մարդն ինքն է, որ կարող է համոզել, որին ես շատ եմ սիրում եւ հարգում, բայց ես վստահ եմ ինքը նման բան չի անի»:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ռ. Հայրապետյանի չառաջադրվելու ցանկությունը կուսակցությունն ընդունել է և որոշել թիվ 1 ընտրատարածքում առաջադրել մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածու:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա