Արարատ Զուրաբյան. «ՀՀՇ-ին չենք հրավիրել, որովհետև ում որ պետք է հրավիրեինք` այստեղ են»
«Մենք մեր համագումարին հրավիրել ենք այն քաղաքական ուժերին, որոնք մեր պատկերացմամբ չեն խոչընդոտում այսօրվա Հայաստանի ժողովրդավարացման ընթացքին»,- այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` կուսակցության համագումարին հաջորդած ճեպազրույցում:
Նշենք, որ կուսակցության արտահերթ համագումարին հրավիրված չէին կոալիցիոն ուժերը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, իսկ մյուս կուսակցություններին, ըստ կուսակցության ներկայացուցիչների, ուղարկվել է հրավերներ: Հիշեցնենք, որ ներկա էին «Ժառանգություն», ՀՅԴ կուսակցություններից ներկայացուցիչներ, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, ՀԱԿ-ում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը և այլոք: Ներկա էր նաև ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, բայց նրան, կուսակցության ներկայացուցիչների խոսքով, հրավիրել են որպես վերլուծաբան, անհատ և ոչ թե կուսակցական:
«Վարդան Օսկանյանի այստեղ հրավիրված լինելը չի ազատում նրան մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատվությունից»,- ընդգծեց կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ համագումարին մարդ չկար ՀԱԿ բարձրագույն ղեկավարությունից` Լևոն Տեր-Պետրոսյանի մակարդակով, Խ. Քոքոբելյանն ասաց. «Մենք զերծ ենք մնում ձևական ցանկացած գործողություններից, նաև հրավերներից: Խորը հարգանք ունենալով Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի ու գործունեության նկատմամբ, գտնում ենք, որ նրան հրավիրելը ձևական բնույթ կունենար»:
Ա. Զուրաբյանն էլ շարունակեց. «Հրավիրված են բոլոր քաղաքական ուժերը: ՀԱԿ-ը ոչ ֆորմալ կազմակերպություն է, երբ դաշինք կձևավորի, ֆորմալացվի, ֆորմալ հասցե կունենա նաև հրավեր ուղարկելու համար: Այժմ ՀԱԿ-ը բաղկացած է կուսակցություններից, որոնց ներկայացուցիչներին հրավիրել ենք»:
Իսկ թե ինչո՞ւ ՀՀՇ-ն հրավիրված չէ, նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանն ասաց. «ՀՀՇ-ին չենք հրավիրել, որովհետև ում որ պետք է հրավիրեինք` այստեղ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա