Ադրբեջան. Գուբա քաղաքում ձերբակալությունները շարունակվում են
Ադրբեջանի Գուբա քաղաքում շարունակվում են մարտի 1-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցների ձերբակալությունները: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանի իրավապահ մարմինները մարտի 14-ին ձերբակալել են ևս 3 տեղացիների: Ձերբակալվածների թվում են քաղաքացիական հասարակության զարգացման ընկերակցության տնօրեն Ջամիլ Մամեդլին, տեղի հեռուստաընկերության աշխատակիցներ՝ Զաուր Գյուլիևը և Վյուգար Գոնագովը:
Աղբյուրը նաև նշում է, որ ձերբակալվածների թիվը հասնում է 8 մարդու:
Հիշեցնենք, որ Գուբայում գրեթե 1000 մարդ մարտի 1-ի առավոտյան հանրահավաք է անցկացրել գործադիր իշխանության շենքի առջև: Հանրահավաքի պատճառը շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի արտահայտությունն է եղել, թե գուբացիները «վաճառել են իրենց և իրենց շրջանը»: Այս իրադարձություններից հետո վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովը հրաժարկան տվեց: