Ադրբեջանցի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի` Իրան կատարած այցից հետո երկկողմ հարաբերություններում լարվածություն է առաջանում
Ադրբեջանցի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի` Իրան կատարած այցից հետո երկկողմ հարաբերություններում լարվածություն է առաջանում:
Մարտի 12-ին երկօրյա այցով Թեհրան ժամանեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, ով հանդիպումներ ունեցավ ԻԻՀ նախագահի, ՊՆ և ԱԳ նախարարների և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ: Այցի ընթացքում Աբիևն իրանական կողմին նախ հավաստիացրեց, որ փոքր Ադրբեջանը մեծ Իրանի դեմ որևէ թշնամական քայլ չի ձեռնարկի, այնուհետև հավելեց, որ իսլամական, պատմակա-մշակութային գործոնն ավելի է մերձեցնում ու միավորում է երկու ժողովուրդներին, միևնույն ժամանակ ցանկություն հայտնելով բարձրացնել երկկողմ համագործակցության մակարդակը:
Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի`Թեհրան կատարած այցի հաջորդ օրը` մարտի 14-ին, ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պետական դավաճանության մեղադրանքով 22 մարդ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանձնարարությամբ Ադրբեջանում օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:
Հավելենք, որ Սաֆար Աբիևի` Թեհրան կատարած այցից հետո www.militaryparitet.com կայքը հաղորդեց, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում Աբիևի`Թեհրանում արած հայտարարությունների մասին տեղեկատվությունը տարբերվում է իրանական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկատվությունից:
Նախքան Սաֆար Աբիևի` թեհրանյան այցը, 2011թ. դեկտեմբերին Իրան էր այցելել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի գլխավորած պատվիրակությունը: Այդ ընթացքում ևս կողմերը երկկողմ հարաբարերությունների բարելավման առնչությամբ հանդես եկան համապատասխան հայտարարությամբ:
Թեհրան կատարած այցելության շրջանակներում Ալի Հասանովն իրանական կողմի հետ համաձայնություն ձեռք բերեց տեղեկատվական ոլորտում համագործակցության նպատակով համատեղ կոմիտե ստեղծել, սակայն Բաքու վերադառնալուց անմիջապես հետո Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի բաժանմունքի տնօրեն Ահմադ Քազեմին իր ընտանիքի հետ միասին վտարվեց Ադրբեջանից:
Եվ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարի` Իրան կատարած այցելությունից հետո տեղի ունեցած միջադեպից հետո իրանական ԶԼՄ-ները կրկին բարձրաձայնում են իրանա-ադրբեջանական հարաբերություններում առաջացած լարվածության մասին:
Նախորդող վերլուծություն` http://panorama.am/am/analytics/2012/03/13/safar-abiev-iran-azerbayjan/
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները