Դեվիդ Ֆիլլիպս. «Դիվանագիտական պատմություն. Հայաստան-Թուրքիա արձանագրությունները» (հատվածներ)
Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Իրավունքների և խաղաղաշինության ծրագրի տնօրեն, ամերիկացի փորձառու դիվանագետ Դեվիդ Ֆիլլիպսը հրապարակել է իր երկրորդը մենագրությունը նվիրված հայ-թուրքական հաշտեցման պատմությանը:
«Դիվանագիտական պատմություն. Հայաստան-Թուրքիա արձանագրությունները» վերնագրված 130-էջանոց զեկույցը հրատարակվել է Հարվարդի համալսարանի կողմից:
Զեկույցը հիմնված է հայ, թուրք և շվեյցարացի պաշտոնյաների հետ հեղինակի կողմից արված բացառիկ հարցազրույցների վրա:
Թարգմանաբար ներկայացնում ենք այդ զեկույցից կրճատ հատվածներ.
«Երբ Հայաստանը սպառնաց բոյկոտել 1999թ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովը, ԱՄՆ պաշտոնյաները մոտեցան Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին՝ երկխոսություն սկսելու հարցով: Թուրք պաշտոնյաները հրապարակայնորեն պնդեցին, որ ստիպողաբար չեն բանակցելու, չնայած «փակ դռների»ետևում Ունալ Չևիքոզի և Դավիթ Հովհաննիսյանի միջև ընթացող հանդիպումներին: Քննարկել հայկական հարցերը նշանակում էր անդրադառնալ հայոց ցեղասպանությանը, և Անկարան մերժեց դրանից բխող տարածքային կամ ֆինանսական պահանջները: [Նախագահ] Քոչարյանը փորձեց հանդարտեցնել այդ մտավախությունները [թուրք հայտնի լրագրող] Մեհմեդ Ալի Բիրանդի հետ հարցազրույցում հայտարարելով, թե «Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը չի բերի տարածքային պահանջների համար իրավական հետևանքների»: [էջ 16]
«Միացյալ պատմական հանձնաժողովի միտքը առաջին անգամ ի հայտ եկավ 1998-ին: Հայ-թուրքակական գործարարության զարգացման խորհուրդի [համանախագահ] Քահան Սոյաքը գրել էր այն ժամանակվա [Թուրքիայի] նախագահ Սուլեյման Դեմիրելին»: [էջ 21]
[2005-ին Նախագահ Քոչարյանին ուղարկած նամակով] Էրդողանը ցանկանում էր անդրադառնալ Հայկական հարցին և սպառել այն մեկընդմիշտ: Նա ոչ միայն ակնկալում էր, որ հանձնաժողովը կմերժի ցեղասպանությունը, նա նաև ցանկանում էր խոչնդոտել ցեղասպանության [միջազգային] ճանաչմանը՝ ցույց տալով, որ թուրքերը և հայերը խոսում են իրար հետ»: [էջ 21]
«Էրդողանը և Քոչարյանը տարբեր մոտեցումներ ունեին [իրադարձությունների] հերթականության վերաբերյալ: Էրդողանը ցանկանում էր քննել պատմական հարցեը, և հետո՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող մնացած խնդիրները», իսկ Նախագահ Քոչարյանը 2005թ. ապրիլի 25-ին ուղարկված պատասխան նամակում նշել էր, որ «Մենք առաջարկել էինք և առաջարկում ենք նորից մեր երկու երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»: [էջ 24]
«Այն ժամանակ [2005թ] Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին Վաշինգթոնի Մամուլի ազգային ակումբում հարցրեցին, արդյոք միացյալ պատմական հանձնաժողովը կարող է քննել ցեղասպանության հարցը: Նա պատասխանեց, որ [հարցի մասին] Անցումային արդարադատության միջազգային դատարանի (ICTJ) կողմից Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի առաջարկով տրված իրավական կարծիքը արդեն լուծել է տերմինաբանության խնդիրը (ICTJ-ն նշել էր, որ 1915թ. իրադարձությունները ամբողջությամբ համապատասխանում են 1948թ. Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի բնորոշումներին և հանդիսանում են ցեղասպանություն – Panorama.am): Նա կասկածներ հայտնեց, արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է հանձնաժողովներ առաջարկել մինչև դրանցից մեկը չարտահայտի Անկարայի դիրքորոշումը»: [էջ 24]
«[2005-ին] հայ դիվանագետները մի պարզ տեքստ առաջարկեցին ճանաչման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչը նման էր 2009-ի արձանագրությունների տեքստին… [էջ 25] [2007-ի սեպտեմբերին] Օսկանյանը առաջարկեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորումը ընթանա պատմական հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ»[էջ 28]:
«[Նախագահ] Սարգսյանը և [Նախարար] Նալբանդյանը որակապես տարբեր էին իրենց նախորդներից: Եթե Հայաստանի շահերի առաջխաղացման տեսանկյունից Քոչարյանը և Օսկանյանը արձագանքող էին, Սարգսյանն ու Նալբանդյանը ավելի կոփված և ռազմավարական [մտածելակերպով]: Նրանք ավելի բարձր մակարդակի հասցրեցին հայկական դիվանագիտությունը, հարցը դնելով մեծ տերությունների օրակարգի մեջ»[էջ 42]:
«[Թուրքիայի Նախագահ] Գյուլի արարողակարգի ղեկավար Շեվքի Մյութեվելլիօղլուն նույնպես այցելեց Հայաստան [2008թ սեպտեմբերին]՝ հայ պաշտոնյաների և դաշնակների ներկայացուցիչների հետ քննարկումների: Նրանք բանակցեցին ցույցերի չափերը և գտնվելու վայրերը, ինչպես նաև բաններների ու ցուցանակների լեզուն: Նրանք համաձայնեցին, որ ցուցարարները կարող են քննադատել Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը, բայց այդ ցուցանակները չպետք է անձնապես քննադատեին Գյուլին»[էջ 42]:
«[Թուրքիայի ԱԳ նախարար] Դավութօղլուն և այլ թուրք պաշտոնյաները, ովքեր ներգրավված էին գործընթացում, զարմացել էին բոլոր «գրավյալ տարածքներից»հայկական ուժերի ամբողջական դուրսբերման մասին Էրդողանի պահանջից [2009թ. մայիսի 12-13-ին վարչապետ Էրդողանը այցելել էր Բաքու]»: Էրդողանը ոչ միայն շատ էմոցիոնալ էր մայիսի 12-ի մամլո ասուլիսի ժամանակ, բայց նաև մայիսի 13-ի իր ելույթը ներառել էր մեկնաբանություններ, որոնք «տեղ չէին գտել վարչապետի գրասենյակ ԱԳՆ-ից ուղարկված զեկույցների մեջ»…. Հայ պաշտոնյաները զարմացած չէին. [Նախագահ] Սարգսյանը ապրիլի 22-ի խոսակցության ժամանակ ասել էր [ԱՄՆ փոխնախագահ] Բայդենին, որ Թուրքիան կարող է հետ կանգնել պայմանավորվածություններից: Նրանք [հայերը] երբեք չէին մտածել, որ Անկարան մինչև վերջ լուրջ է տրամադրված կարգավորման գործընթացի վերաբերյալ:»[էջ 50] «Էրդողանի՝ Բաքու այցելությունը ցույց տվեց Աբդուլլա Գյուլի հետ նրանց տարբերությունը:»[էջ 51]
Պնդելով, որ «պատմական հնարավորությունը բաց թողնվեց արձանագրությունների վավերացման մերժմամբ», ամերիկացի դիվանագետը ավարտում է իր մենագրությունը, նաև առաջարկելով առաջ շարժվելու համար որոշ քայլեր և ռազմավարություն:
Բաց հասանելիությամբ տեղադրված այս գրքում կարելի է գտնել նաև շատ այլ հետաքրքիր մանրամասներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում