«Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների շտեմարանի չորրորդ հատորն արդեն վաճառքում է
Արդեն վաճառքում է «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների 2012թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի վերջին՝ 4-րդ մասը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ինչպես մաթեմատիկայի շտեմարանները, այնպես էլ հայոց լեզվինը, ընդգրկում են 5000 առաջադրանք, սակայն տպագրական և ծավալային առումով հնարավոր չի եղել հայոց լեզվի առաջադրանքները տեղավորել 2 հատորներում, այդ իսկ պատճառով այդ առարկայից քառահատոր է շտեմարանը: Շտեմարանի առաջին և երկրորդ մասերը 2011-ի դեկտեմբերից էին շրջանառության մեջ դրվել, իսկ երրորդ մասը` փետրվարի 20-ից հետո:
Գ. Մանուկյանը նաև հայտնեց, որ հատորյակի վերջում տեղ են գտել նախորդ շտեմարանների վրիպակները: Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք այդ վրիպակները նկատել են շտեմարանները կազմող աշխատախումբը, թե նաև այլ մասնագետներ, որոնք ամեն տարի միասնական քննությունից հետո աղմուկ են բարձրացնում՝ վկայակոչելով թեստերում տեղ գտած երկակի պատասխաններ պարունակող կամ ծրագրից դուրս առաջադրանքները, նա ասաց, որ վրիպակները նկատել է հենց աշխատանքային խումբը, որը հետևել է նաև այլ մասնագետների և ուսուցիչների դիտարկումներին: ԳԹԿ-ից նաև հայտնեցին, որ շնորհակալությամբ կընդունեն ցանկացած նկատված վրիպակի մասին տեղեկություն. դրանից կշահի միայն ու միայն դիմորդը:
«Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների շտեմարանի գինը 2000 դրամ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան