Գ. Մելիքյան. Ադրբեջանը պատասխանատվությունից խույս է տալիս
«Շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտումների ակնհայտ սադրիչն ադրբեջանական կողմն է և դա է պատճառը, որ նա հետ է կանգնում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածությունից»,- մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե ԼՂ հարցում առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանը հետ է կանգնում պայմանավորվածություններից, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Սոչիում այս տարվա հունվարին կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կարևոր հայտարարություն է արվել, այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի ուղղությամբ.
«Այսպիսի հայտարարություններ եղել են բազմիցս, մինչև Սոչիի հանդիպումը` 1 տարի առաջ մարտ ամսին նախագահներն անդրադարձան բազմաթիվ կետերի: Դրանք չիրականացան այն պատճառով, որ Ադրբեջանը մերժեց փաստորեն այն, ինչի մասին պայմանավորվել են: Մասնավորապես` պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ: Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ այդպիսի մեխանիզմ չստեղծվի»:
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խույս տալ շփման գծում հրահրված սադրանքների արդյունքում գրանցված արտակարգ պատահարների պատասխանատվությունից:
Հարցին, թե ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելուց, Գ. Մելիքյանը նշեց. «Հետաքննությունների արդյունքում կբացահայտվի Ադրբեջանի գործողությունները, ինչն անշուշտ հակասում է Ադրբեջանի շահերին: Այդ կերպ, պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանա քողարկել շփման գծում արձանագրվող միջադեպերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները